Այսօր Գյումրիի Ռիժկովի ճեմափողոցում քարոզարշավի դուրս եկած «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը գյումրեցիներից հետաքրքրվեց, թե ի՞նչ շանսեր ունի «Ելքը»։
Հավաքված գյումրեցիները խուսափեցին կոնկրետ գնահատական հնչեցնել, այդ պահին բռնցքամարտի մարզիչ Միլիտոս Մելքոնյանը մոտեցավ պարոն Մարուքյանին ու ասաց․«Եթե բոլորը պայքարում են ժողովրդի համար, ուզում են բարեկեցիկ կյանք․․․», Էդմոն Մարուքյանը ընդհատեց նրան ու հարցրեց՝ «Ո՞ւմ նկատի ունեք բոլորդ ասելով»: «Բոլոր կուսակցություններին»,- պատասխանեց մարզիչը։
Նա շարունակեց․ «Բոլորդ նույն բանը կգրեք վեր ու վարով: Եկեք իրար լավ հասկանանք, եթե ուզում ենք ժողովրդի մասին մտածել, եկեք համախմբվենք, մի բուռ լինենք ու պայքարենք բոլորս էդ մի հոգու դեմ, որը ամբողջ ազգին կզցրել է։ Բոլորս ուզում ենք թագավոր լինենք, թագավորը մի հոգի կլինի, հարյուր հոգի չի լինի։ Հիմի հարյուր հատ կուսակցություն կա, էն մեկն ասում է՝ իմ ղեկավարս պիտի լինի, մյուսն ասում է՝ իմ ղեկավարը պիտի լինի։ Արի կլինի, եթե, իրոք, մենք մտածում ենք մեր ժողովրդի մասին, հավաքվենք բոլորովս, նստեք կլոր սեղանի շուրջ, հարցերը դրեք, իմը էս է, ասենք համախմբում, ժողովուրդը կելնի բոլորիդ էլ ձայն կտա, կասի՝ դուք գնացեք ձեր երկիր, մեր ժողովուրդը պիտի ապրի: Թե չէ երեք կուսակցությունով, որ միավորվել եք՝ երեք ծաղկով գարուն չի գա»։
Էդմոն Մարուքյանը հարցրեց․ «Իսկ եթե տարբեր գաղափարներ ունենք», Միլիտոս Մելքոնյանն ընդահատեց՝ ասելով․«Լսի, Սերժն էլ ավել-պակաս շատ կխոսա, ի՞նչ արեց, ասեց Լեննականում 10/10 կզարկեմ, բայց 0 զարկեց։ Հիմի էլ Լեննականը դարձրել է Ամասիայի մի խուլ գյուղ, ժողովրդին չի նայում։ Մենք էնքան որ մեր գոյությունը մի կտոր հացով ենք պահում, երեխա կա, էդ հացն էլ չունի, պարապմունքի է գալիս սոված»։
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանն ասաց․ «Ձեզ լսեցի, հայրիկ ջան, 9 ուժ է մասնակցում, «Ելքը» միակն է, որ երբեք չի եղել իշխանության մեջ, կոալիցիայի մեջ, գործ էլ չունի կոալիցիայի, իշխանության մեջ լինելու: Հիմա կարա՞ք ձայն տաք փոփոխություն իրականացնող ուժին»։
Հայրիկը՝ ի պատասխան, սկսեց քննադատել «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներին, նա վիրավորական արտահայտություններ հնչեցրեց թե՛ Արթուր Բաղդասարյանի, և թե՛ Հեղինե Բիշարյանի հասցեին։ Երբ Էդմոն Մարուքյանը ընդհատեց՝ ասելով․ «Եկեք առանց վիրավորանքների, մենք այդ քաղաքական մշակույթի մարդիկ չենք», մարզիչը շարունակեց․«Թող գան, ինձանից պատիվ պահանջեն։ Էն ժամանակ, ես ցույցին եղել եմ Երևան, գոռում էր ՝ ինձ խփում են, խփում են, բայց կռիշը մարդ չկա՝ բացի երկու ճնճղուկներից։ Էդ ի՞նչ դարձավ էդ Արթուր Բաղդասարյանը, որ կաշի կհանե, մենք կո՞վ ենք․ անասո՞ւն ենք, որ կաշի կհանե»։
Էդմոն Մարուքյանը Միլիտոս Մելքոնյանին ասաց, որ Արթուր Բաղդասարյանը իր կուսակիցներին է ի նկատի ունեցել այդպես ասելով, բայց նրա զրուցակիցը շարունակում էր․ «Կամ էն աղջիկը, որ ելնում, ասում է ՝ երկու մատով աչքերդ կհանեմ, էդ ո՞ւմ աչքերը պտի հանես, հլը հանե․․․»։
Էդմոն Մարուքյանը նորից փորձեց հարթել վիճակը՝ ասելով․ թե նա իրենց համագումարին է այդպես ասել, սակայն նրա զրուցակիցն անդրդվելի էր։ Մարզիչը վրդովված ասում էր․ «Համագումար, ինչի բոլորս է՞շ ենք»։ Էդմոն Մարուքյանը, տեսնելով, որ այլ ճար չկա, հարցրեց մարզիչին․ «Դուք ինչի՞ համար եք ուրիշներից ինձ բողոքում, ես մի մանդատ եմ ունեցել»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ