Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեխաների մասին որևէ նյութ գրելիս ամենակարևորը երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքն է» . Գևորգ Հայրապետյան

Մարտ 15,2017 20:15

«Երեխաների պաշտպանության վերաբերյալ ցանկացած միջոցառում խիստ կարևոր է, իսկ այստեղ խոսքը գնում է երեխաների անձնական տվյալների մասին»,- այսօր «Երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը» թեմայով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը:

Անձնական տվյալների պաշտպանությունը նոր կառուցակարգերով Հայաստանում հաստատվել է  2015 թ-ին  ընդունված օրենքում : Բանախոսի խոսքով՝ դրանից հետո Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում. անձնական տվյալների ոլորտը խիստ կարևորվեց յուրաքանչյուրի համար: Երեխաների ֆիզիկական, մտավոր, հոգևոր ոչ հասունության պայմաններում  նրանց անձնական տվյալների պաշտպանությունն էլ ավելի է կարևորվում.

«Մեր պրակտիկայի ընթացքում Հայաստանում եղան դեպքեր, որոնք մատնանշեցին, որ առկա են խնդիրներ երեխաների անձնական տվյալների պաշտպանության ոլորտում: Սա վերաբերում է թե´ լրատվական դաշտում երեխաների անձնական տվյալների պաշտպանությանը, թե´ հենց երեխաների կողմից իրենց անձնական տվյալների  պաշտպանությանը ու այդ ամենի կարևորությանը հասկանալուն, և թե´ երեխաների ծնողներին կամ ցանկացած պետական մարմնի, որոնք պարտավոր են հոգածություն ցուցաբերել  երեխաների նկատմամբ երեխաների անձնական տվյալների  մասին գիտելիքների և հմտությունների պահպանման ոլորտում»:

«Երեխաների պաշտպանության ցանցի» նախագահ Արշակ Գասպարյանն ասաց, որ ժամանակակից կյանքը և տեղեկատվական տեխնոլոգիաները նույնիսկ չափահասներին զերծ չեն պահում տարաբնույթ  խնդիրներից, որոնք վերաբերում են անձնական տվյալների պաշտպանությանը. շատ ավելի բարդ իրավիճակում է երեխան, որին պաշտպանելը օր օրի առավել դժվար է դառնում, առավել ևս տեղեկատվական դաշտում:

«Մեր հեռուստահաղորդումներից մինչև էլեկտրոնային ամենատարբեր տեղեկատվական միջոցները մեղմ ասած ոչ միշտ է, որ հարգում են երեխաների լավագույն շահը, իրավունքների պաշտպանությունը: Կարծում եմ, որ բոլորս բազմաթիվ անգամ ականատես եղել ենք հաղորդումներում երեխաների մասին  երեխաների ներկայությամբ և երեխաների հետ բավականին խրթին խնդիրների քննարկմանը»,- ասաց պարոն Գասպարյանը:

Գործնական վերլուծությունների արդյունքում «Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»-ը հրապարակել է ուղեցույց երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին: Այնտեղ օրենքից հղումներ չկան, բայց այն հիմնված է միջազգային լավագույն փորձի և մեր օրենքի պահանջների վրա:

Գևորգ Հայրապետյանը  իր խոսքում նշեց, որ ուղեցույցում մի բաժին էլ նվիրված է, թե զանգվածային լրատվամիջոցներում ինչպես պետք է հրապարակվեն երեխաների անձնական տվյալները. «Երեխաների մասին որևէ նյութ գրելիս ամենակարևորը երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքն է: Բոլոր այն դեպքերում, երբ կվնասվի երեխայի անձնական շահը, պետք է ձեռնպահ մնալ նրա անձնական տվյալները հրապարակելուց : Իսկ բոլոր այն դեպքերում, երբ հրապարակումը կամ անձնական տվյալների օգտագործումը միտված է երեխայի լավագույն շահին, ուրեմն կարելի է այդ տվյալները հրապարակել»:

Նրա խոսքով ամեն դեպքում կա խնդիր, որովհետև լրագրողները, երբեմն էլ երեխաների օրինական ներկայացուցիչները, երբ հնարավորություն են տալիս նկարել երեխային կամ հրապարակել նրա տվյալները, իրենք ամբողջությամբ չեն հասկանում, թե այդ տեղեկությունը հետագայում ինչպիսի ազդեցություն կունենա երեխայի կյանքի վրա: Երբեմն, երբ ծնողները չեն կարողանում արգելել կամ սահմանել կանոններ լրատվամիջոցի համար, դա պետք է անեն իրենք՝ լրագրողները, և ձեռնպահ մնան այնպիսի հրապարակումներից, որոնք կարող են վնասել երեխային:

«Հաշվի առնելով, որ հիմնականում բոլոր լրատվամիջոցները ներկայացված են համացանցում, իսկ համացանցում տեղադրված որևէ բան, ըստ էության, մնում է հավերժ՝ առաջանում է բավականին խնդրահարույց իրավիճակ. երեխային վատ լույսի ներքո ներկայացնող և նրան ոչնչով չօգնող տեղեկությունը կարող է հայտնվել համացանցում , իսկ երբ երեխան արդեն չափահաս դառնա, դա կարող է միջամտել նրա կյանքի որակին, անհանգստացնել նրան պարբերաբար ու անընդհատ»:

Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցը  հրապարակված է ՀՀ արդարադատության նախարարության կայքում:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031