Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վրաստանից նոր գնած ավտոմեքենան մինչեւ Երեւան է հասնում ` ջարդուխուրդ է լինում

Մարտ 15,2017 18:20

Երեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն մայրուղին, որով այս օրերին ակտիվորեն երթեւեկում են քաղաքական ուժերի թեկնածուները եւ նաեւ կառավարության անդամները, որոնց մի մասը պատասխանատու  է այդ ճանապարհների անվտանգության ու բարեկարգության համար, քարուքանդ վիճակում է:

Այսօր Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը «Նոյյան Տապան» մամուլի ակումբում ներկայացրեց հազարավոր վարորդների եւ նաեւ ավտոներկրողների դժգոհությունը: Ըստ նրա, մեքենան Վրաստանից ներկրելիս, մինչեւ հասնում են Երեւան, պահեստամասերը փոխելու կարիք է լինում, քանի որ մայրուղին «սարսափելի վատ վիճակում է»:

Ավտովարորդները որոշել են դատի տալ այն կառույցներին, որոնք պատասխանատու են ավտոճանապարհների սպասարկման համար եւ կոնկրետ փաստերով ապացուցել, որ ներկրվող ավտոմեքենան «ողջ առողջ» գնում են, բայց մինչեւ տեղ են հասցնում` «ջարդուխուրդ» է լինում:

«Հազարավոր վարորդներ վնասներ են կրում եւ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Ե’վ ֆինանսական ե’ւ ժամանակի եւ նաեւ առողջության կորուստներ են կրում: Վարորդներն, ամեն անգամ, այդ ճանապարհից օգտվելիս, նյարդայնանում են: Եթե այդ ճանապարհը 2,5-3 ժամում պետք է անցնեն, 6 ժամում են անցնում, ավտոմեքենաները տեխնիկական վնասներ են կրում»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, այդ «քարուքանդ ճանապարհներով ուզում ենք տուրիզմ զարգացնել»:

Պարոն Հովհաննիսյանի խոսքերով, մինչեւ Դիլիջան ճանապարհը «ռմբահարված» է, ամենուրեք փոսեր եւ, եթե վարորդը փորձում է մի փոսից փախցնել, մեկ այլ փոսի մեջ է հայտնվում. «Այս օրերին քարոզչության գնացող ուժերն ինչպե՞ս են երթեւեկում, չե՞ն տեսնում այդ վիճակը»,-հարցնում է Տիգրան Հովհաննիսյանը:

Միջմարզային ճանապարհների պատասխանատուն տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է:
Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, նախարարությունից տեղեկացանք, որ Երեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն մայրուղին ճանապարհաշինարարական մի քանի ընկերություն  են սպասարկում` հատվածաբար:

Ըստ նախարարության կայքէջում տեղադրված տեղեկատվության,  Նոյեմբերյան, Իջեւան ճանապարհահատվածը սպասարկում է «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն,  Դիլիջանի ճանապարհների պատասխանատուն «Դիլիջան Հաղարծին» ընկերությունն է, Տավուշի համար էլ` «Տավուշ ՃՇՇ» ՓԲԸ-ն:

Aravot.am-ի հարցին, «Տավուշ ՃՇՇ» ընկերության ինժեներ Արթուր Գյոզալյանն ասաց, որ իրենք վերոնշյալ մայրուղու հետ ընդհանարապես գործ չունեն եւ որ Շամշադինի հատվածն են սպասարկում:

«Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ից մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: «Դիլիջան Հաղարծին» ընկերության ինժեները` Գագիկ Վասիլյանը մեր այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ճանապարհներն այդ վիճակում են, արդյոք վերանորոգելու պատվեր չեն ստացել կամ նախորդ աշխատանքները թերի են կատարել եւ այդ պատճառով է  ճանապարհը, վարորդների նշած, «քարուքանդ» վիճակում, պարոն Վասիլյանը պատասխանեց.

«Մենք սպասարկում ենք այդ մայրուղու 13-14 կիլոմետր հատվածը եւ ընդամենը շահագործող կազմակերպություն ենք եղել: Ճանապարհը սարքողները ուրիշ կազմակերպություն է որքան գիտեմ, եւ այն վերջին անգամ կապիտալ վերանորոգվել է կարծեմ, եթե չեմ սխալվում` 2000-ականներին»: Գագիկ Վասիլյանի խոսքերով, ճանապարհի մաշվածությունը շատ է եւ միայն փոսալցման աշխատանքներով «գործը գլուխ չի գա»:

«Հատվածներ ունենք, որ փոսայինով հնարավոր չէ կարգի բերել, պիտի կապիտալ նորոգվի, ինչի համար հարցը ներկայացրել ենք տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որն էլ դիմել է կառավարություն:  Մեծ հավանականություն կա, որ դրական պատասխան կլինի: Եվ արդեն կսկսենք նորոգման աշխատանքները»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031