Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այ, մարդ, բոլորդ էլ նույն փուչիկներն եք»․ կարտոֆիլ վաճառող գյումրեցի կինը՝ Էդմոն Մարուքյանին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 15,2017 18:06

Այսօր ժամը 13․00-ից սկսած Գյումրու կենտրոնական հատվածում Շիրակի մարզից «Ելք» դաշինքով առաջադրված թեկնածուներն իրենց քարոզարշավը սկսեցին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Նրանք պտտվեցին Գյումրու կենտրոնական շուկայով, եղան ավտոկայարանի տարածքում, Ռիժկովի ճեմափողոցում, բաժանեցին իրենց նախընտրական ծրագիրը՝ հորդորելով ընտրել «Ելք» դաշինքին։

«Եթե ուզում եք Հայաստանի Հանրապետությունը լինի ներգաղթողների, այլ ոչ թե արտագաղթողների երկիր, քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին։ Ձեզ հիմա բաժանվում է 30 կետից բաղկացած մեր ծրագիրը, 30 քայլ, որը տանելու է դեպի արդիականացված Հայաստան, 30 քայլ, որը տանում է ավելի պաշտպանված, ավելի անվտանգ Հայաստան։ 30 քայլ, որը իրապես կարող է առաջընթաց ապահովել։ Ընտրեք ու մեզանից պահանջեք»,- բարձրախոսով հայտարարում էր Էդմոն Մարուքյանը կենտրոնական շուկայում։

Եվ երբ Էդմոն Մարուքյանը անցնում էր կարտոֆիլ վաճառող մի կնոջ կողքից՝ բարձրախոսով ներկայացնելով իրենց անելիքները՝ տարեց կինն այսպես արձագանքեց․«Ջանըմ, բալա ջան, բոլորդ էլ Սերժի փուչիկներն եք»։

Ի դեպ, Գյումրիում իշխողը հենց այս տրամադրությունն էր, երբ Էդմոն Մարուքյանը առևտրականներին հորդորեց՝ ընտրեք մեզ, որ առևտուրը լավանա, տնտեսությունը շնչի, առևտրականները հակադարձեցին՝ ասելով․«Քաղաք մարդ երբ է մնացել, որ առևտուրը շնչի»։

Մի կին էլ, լսելով Էդմոն Մարուքյանին, նեղվեց․ «Ամբողջ օրը էսպես գալիս, առաջարկում են, ո՞ւմ պիտի ընտրեմ, հեչ չգիտեմ»։ «Ելք» դաշինքի ներկայացուցիչներից մեկն ասաց․ «Սրտիդ ձայնը լսի, ընտրի», որին տիկինը հակադարձեց․«Տո, այ, մարդ, սաղ նույն բանն են»։

Իհարկե, եղան մարդիկ, որոնք ընդառաջ եկան պարոն Մարուքյանին՝ ասելով, որ լավ են ճանաչում թե՛ իրեն, թե՛ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթած, սակայն քաղաքապետ չդարձած եղբորը։

Մի կին էլ, անցնելով նրա կողքից, ասաց․«Ոտքերիդ տակ մեռնիմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հակոբ says:

    բանի տեղ դնող չկա, ջան Գյումրի ջան, որովհետև իմաստուն գյումրեցին գիտի, որ բոլորը սուտ են, Սերժի կադրերն են, տարբեր թասերի մեջ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031