«Էս երկրում ազատ բան կա՞…»,-Աջափնյակ վարչական շրջանում այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածուներից Ստյոպա Սաֆարյանին եւ Գագիկ Բաղդասարյանին փողոցում այս խոսքերով դիմավորեց մի պապիկ: «Դուք ազատ էլ եք, հարուստ էլ եք…»,-շարունակեց նա:
«Ազատ չլինե՞նք»,-հարցրեց Ստյոպա Սաֆարյանը, ինչին ի պատասխան տարեցն ասաց. «25 տարի ասում եք՝ ի՞նչ տեսանք: 70 տարեկան մարդ եմ՝ 35.000 «մանեթ» թոշակ եք տալիս»:
-Ո՞վ է տալիս,-հետաքրքրվեց թեկնածուներից Գագիկ Բաղդասարյանը
-Դուք,-պատասխանեց պապիկը:
Կարդացեք նաև
-Ես էլ քո նման եմ,-պնդեց Բաղդասարյանը:
-Խի՞ ես ինձ նման, հլը հագիս շորերին նայի ու քեզ,-չհամաձայնեց ծերունին:
-Ես քարոզարշավի եմ,-արդարացավ կոստյումով թեկնածուն:
Ապա պապիկը Ստյոպա Սաֆարյանի ականջին, իր ասելով, գաղտնի բան ասեց, ինչից հետո քաղաքացին ու թեկնածուն իրարից ժպիտով բաժանվեցին:
«Ախպոր պես, ես ի՞նչ եք անում»,-տեսնելով իրեն նկարահանող լրագրողներին՝ տարակուսեց ծերունին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ