Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Մովսիսյան. «Այսպիսի ֆիլմեր չեն ցուցադրվում կինոթատրոններում, որովհետև բավականաչափ ծիծաղելի չեն»

Մարտ 15,2017 14:42

Էկրանին պրեմիերայից հետո երկրորդ անգամ մարտի 14-ին «Վերջին ցանկություն՚» վավերագրական ֆիլմն է: Այն նկարահանվել է 2015 թվականին: Արմեն Խաչատրյանի ֆիլմը պատմում է մեր կողքին ապրող սիրիահայերի դժվարությունների, պայքարի ու վերջին ցանկության մասին: Երկու հերոս, երկու կերպար` միայնակ մայր և երիտասարդ, ովքեր ամբողջացնում են ավերված Սիրիան ու պատերազմը: Ռեժիսորը նշում է, որ կես տարում ծանոթացել է ավելի քան քառասուն փախստականների հետ. «Ընտրեցի երկուսին, ում միջոցով կկարողանամ ասել այն ինչ ցանկանում եմ. նրանց պատմությունները լրացնում են իրար, չնայած չեն ճանաչում իրար: Վերջապես ոչ բոլորը կարող են այսպես պատմել»:

Անժելան ամուսնուն՝ Մինասին կորցրել է պատերազմում: Հետո երեք երեխանների հետ եկել Հայաստան. «Դրամ վճարինք, որ ամուսնուս դին բերեն այստեղ Հալեպեն, չբերին չուզեցան` Հայր Մեր կարդան վրեն»: Հայաստանում նրա կյանքը կարելի է ներկայացնել մեկ դրվագով, ինչպես երեք տարա մածունի համար նա անցնում է երկար ճանապարհ, ստորագրում մի շարք թղթեր: Ապրելով պատերազմ ու տեսնելով հազարավոր մահեր, նա ապրում է, ժպտում: Աղջկան տանում ջութակի, տղաներին` կարատեի:

«Ծնողներս զանգեցին ասին հեծանիվդ վառվել է». այս խոսքերը հանգստացրին հերոսին , կարևորը նրանց բան չէր պատահել: Աշխատեց ու այստեղ գնեց իր հեծանիվը: Երիտասարդը Քեսաբից է: Մի կերպ է փրկվել, երբ կողքին մարդկանց էին մորթում, նա կարողացել է ողջ մնալ: Հայաստան հասնելուց հետո երեք օր չի քնել. Քայլել է ամբողջ Երևանով: Նա ասում է. «Երանի են մարդուն ում շուն են ասում. կենդանիները բարի են նրանք մարդու նման չեն»:

Նրանց ճակատագրերը համընկել են նրանով, որ կորցրել են երկրորդ անգամ հայրենիքը: Հարյուր տարի առաջ Արևմտյան Հայաստանը, հիմա էլ՝ Սիրիան: Պատմությունը կրկնվում է: «Այստեղ է մեր հայրենիքը, բայց առաջինը Սիրիան է»,- ասում է Անժելան:

«Գոնե մեկ օր գնամ մանկության, տատիս ու պապիս տան դուռը բացեմ»:

«Պատերազմ չըլլա, Մինասը դառնա տուն նրանց»:

Ահա այս վերջին ցանկություններով էլ ավարտվեց ֆիլմը:

Ռեժիսորը` Արմեն Խաչատրյանը և ցուցադրության համադրող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը վերջում հանդիպեցին կինոդիտողներին: Մովսիսյանը նշեց. «Սա չի ցուցադրվի հայկական հեռուստատեսությամբ, որովհետև մեր հեռուստատեսություններին պետք են երջանիկ ավարտով ֆիլմեր: Այսպիսի ֆիլմեր չեն ցուցադրվում կինոթատրոններում, որովհետև բավականաչափ ծիծաղելի չեն»: «Հեշտ չէ նկարել ու նվիրել այն հեռուստատեսություններին»,- իր կողմից հավելեց ռեժիսորը:

Ի դեպ, ֆիլմի ֆինանսական մասը ամբողջովին ապահովել է հենց Արմեն Խաչատրյանը: Նա կապը պահում է իր հերոսների հետ: Ասում է հաճախ է գնում Անժելային ու երեխաներին այցի: Երիտասարդը էլ Հայաստանում չի ապրում. գնացել է Գերմանիա: Իսկ նրա հերոսները իրականության մեջ ապրող մարդիկ են, ովքեր լուսանցքում են: Մովսիսյանը նշում է, որ Արմեն Խաչատրյանը ռեժիսորի գործը ավելի մոտեցնում է սոցիոլոգի գործին: Ռեժիսորը պատրաստվում է նոր ֆիլմ նկարել: Թեման Ղարաբաղն է: Իմիջիայլոց, Հոդված 3-ում, որտեղ ցուցադրվում էր ֆիլմը, ընթացքի մեջ էր «Նորեկները. Սիրիացինեը Հայաստանում՚» ֆոտոցուցահանդեսը, որը նույն թեմայով է:

Ջուլիետա ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031