Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Երանոսյանը հանելով ատրճանակը՝ պահանջել է իր առջև ծնկի իջնել. Արտահերթ զեկույց Ջրառատի դեպքերի մասին

Մարտ 15,2017 14:35

Արտահերթ զեկույց Ջրառատի դեպքերի մասին

2017 թվականի մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» («ՕՐՕ») դաշինքը, իսկ ապա նաև ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտարարեցին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «ՕՐՕ» դաշինքի նախընտրական հանդիպումից հետո եղել է միջադեպ, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն: Ջրառատ գյուղից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները տարվել են ոստիկանություն, որտեղից ժամեր անց ազատ արձակվել:

Այնուհետև, մարտի 14-ին նույն գյուղում հրազենի կիրառմամբ մեկ այլ միջադեպի արդյունքում վիրավորվեցին նախորդ միջադեպին մասնակից «ՕՐՕ» դաշինքի համակիրները:

Դեպքերով զբաղվում են թե Քննչական կոմիտեն, թե Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը իրականացնում է երկարաժամկետ դիտորդական առաքելություն, որի սահմաններում որոշեց ուսումնասիրել միջադեպերը:

Հրազենի կիրառումը

Ոստիկանությունը հայտնել է, որ մարտի 12-ին հրազենը կիրառել է Ոստիկանության զորքերի 1001 զորամասի ծառայող, գնդապետ Լեռնիկ Երանոսյանը, ով միջադեպից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Ավելին, ատրճանակից կատարվել է մեկ կրակոց, որից տուժողներ չեն եղել: Կրակոցից հետո «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները Լեռնիկ Երանոսյանի ձեռքից խլել են հրազենը, որը հետո հանձնվել է ոստիկանությանը: Վերոնշյալը հաստատում են նաև «ՕՐՕ» դաշինքի առաջնորդները:

Ոստիկանությունից մեզ նաև հայտնեցին, որ գնդապետ Լեռնիկ Երանոսյանը միջադեպի ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել: «Մակարով» տեսակի ատրճանակը կցված է եղել (կամ պատկանել է) Լեռնիկ Երանոսյանին:

Ջրառատում մեր երկարաժամկետ դիտորդների հավաքած տեղեկություններով պարզվել է, որ մարտի 14-ին նույն գյուղում գյուղապետի եղբորորդու և նախորդ միջադեպի մասնակիցներից մեկի միջև ծագել է միջադեպ, որին խառնվել է ինքնաձիգով զինված ոստիկանության ծառայող՝ գյուղապետի եղբայր, Սերյոժա Գալստյանը: Այս տեղեկությունները հաստատում են նաև «ՕՐՕ» դաշինքից: Իսկ Քննչական Կոմիտեից պնդում են, որ ինքնաձիգով զինված է եղել այլ անձ և արձակվել է 4 կրակոց:

Ըստ մեզ հետ զրուցած ականատեսների և «ՕՐՕ» դաշինքի, միջադեպի ժամանակ կիրառվել են նաև մետաղյա ձողեր: «Էրեբունի» հիվանդանոցից լրագրողներին հայտնել են, որ 3 տուժածներից մեկը հրազենային վիրավորում ունի, մեկը ծակող-կտրող վիրավորում, իսկ երրորդը՝ կոտրվածք: Դատելով հրապարակված տեսանյութից՝ կրակոցներից առնվազն մեկը և ծեծի մի մասը եղել է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ներկայությամբ:

Նշենք, որ նախկինում հաստատված փաստ է, որ Լեռնիկ Երանոսյանը Հայաստանի փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրն է: Երանոսյանները բնակվում են Ջրառատ գյուղում և այդ գյուղի գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Գալստյանի քեռիներն են:

Կապը ընտրությունների հետ

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հաստատում և չեն հերքում, որ հրազենով 1-ին միջադեպը կապված է եղել ընտրությունների հետ, իսկ «ՕՐՕ» դաշինքից պնդում են կապի մասին և բերում մանրամասներ:

Մասավորապես, մեր երկարաժամկետ դիտորդների հետ զրույցում «ՕՐՕ» դաշինքի առաջնորդներից Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ մարտի 12-ին Ջրառատում իրենց նախընտրական հանդիպման ժամանակ գյուղապետ Սամվել Գալստյանը մոտեցել է քաղաքացիների մի մասին և հայհոյանքներով պահանջել հեռանալ հանրահավաքից: Միջոցառումից հետո «ՕՐՕ» դաշինքի ջրառատցի համակիրները գյուղապետից հայհոյանքների համար «հաշիվ են պահանջել» և եղել է վիճաբանություն: Վիճաբանությունից հետո, «ՕՐՕ» դաշինքի համակիրների տուն է եկել գյուղապետի քեռի՝ ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը և հանելով ատրճանակը՝ պահանջել է իր առջև ծնկի իջնել: Ստանալով մերժում՝ Երանոսյանը օդ է կրակել, որից հետո դաշինքի համակիրները Երանոսյանի ձեռքից խլել են ատրճանակը:

Ատրճանակը ոստիկանությանը կամովին հանձնելը երևում է նաև հրապարակված տեսանյութերից մեկում:

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր երկարաժամկետ դիտորդի հետ հեռախոսազրույցում հրաժարվեց մեկնաբանել միջադեպը:

Մարտի 13-ին Ջրառատ այցելած մեր երկարաժամկետ դիտորդների կողմից միջադեպի մասնակիցների (այդ թվում գյուղապետի կամ «ՕՐՕ» դաշինքի համակիրների) հետ զրուցելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Սակայն բազմաթիվ քաղաքացիներ հաստատեցին միջադեպի կապը «ՕՐՕ» դաշինքի հավաքի հետ՝ հաստատելով, որ վիճաբանության պատճառ է դարձել գյուղապետի կողմից նախընտրական հավաքի մասնակիցների մի մասին հայհոյելը:

Մարտի 14-ին Ջրառատում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել են դրանից երկու օր առաջ Լեռնիկ Երանոսյանի ձեռքից ատրճանակը խլած անձինք, իսկ միջադեպին, ականատեսների վկայությամբ, մասնակցել են Երանոսյանների ու Գալստայանների ընտանիքները: Ավելին, ինչպես նշվեց, Լևոն Երանոսյանի՝ քաղաքացիական հագուստով միջադեպին մասնակցելու փաստը ապացուցված է նաև հրապարակված տեսանյութով:

Այլ կերպ ասած, մարտի 14-ի միջադեպը, թեև չի ունեցել քաղաքական ենթատեքստ, սակայն եղել է մարտի 12-ի միջադեպի շարունակություն: Դա հաստատում են թե՛ տուժողների հարազատները և թե՛ մեզ հետ զրույցում՝ բնակիչները: Բնակիչներից ոմանք, սակայն, մարտի 14-ի միջադեպը ուղղակի կապում էին «ՕՐՕ» դաշինքի հավաքի հետ: Մեր երկարաժամկետ դիտորդներ հետ զրուցած ջրառատցիներից և ոչ մեկը (այդ թվում՝ գյուղապետի հարազատները) ոչինչ չի ասել միջադեպի կողմերի՝ նախկինում ունեցած կոֆլիկտների կամ տարաձայնությունների մասին:

Ոստիկանությունը, սակայն, հայտարարել է, որ միջադեպը սկսվել է գյուղի դպրոցում երեխաների վիճաբանությունից: Այդուհանդերձ, գյուղում մեր դիտորդները նկատել են նաև ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին:

Հարկ է նաև նշել, որ ի հեճուկս Ջրառատի գյուղապետի կողմից «ՕՐՕ» դաշինքի հավաքի խոչընդոտման մասին բազմաթիվ հայտարարությունների, իրավապահ մարմիններից և ոչ մեկը չի հետաքննել այդ դրվագը: Այստեղ կարևոր է նաև նկատել, որ թեև մարտի 12-ի հավաքի մասին իրազեկում չի ներկայացվել, սակայն այն ունեցել է 100-ից պակաս մասնակից և հետևապես եղել է ամբողջությամբ օրենքի շրջանակներում:

Մթնոլորտը Ջրառատում

Թեև ակնհայտ է, որ մարտի 12-ին և 14-ին Ջրառատում հնչել են ատրճանակից և ինքնաձիգից կրակոցներ, սակայն գյուղում մարդիկ վախենում են այդ մասին խոսել: Մարտի 13-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրուցած բոլոր և ամսի 14-ի երեկոյան համարյա բոլոր գյուղացիները միաբերան պնդում էին, որ կրակոց չեն լսել: Ջրառատ այցելած մեր երկարաժամկետ դիտորդներին ևս գյուղացիների ճնշող մեծամասնությունը հայտնում էին, որ կրակոց չեն լսել և դեպքից տեղյակ չեն:

Մեր դիտորների հետ զրույցում միայն մի քանի բնակիչ է հաստատել միջադեպը՝ այն էլ այն բանից հետո, երբ երաշխիքներ են ստացել, որ իրենց անունները չեն հրապարակվի: Այդ քաղաքացիների մի մասը դեռևս մարտի 13-ին նշում էին, որ միջադեպի մասնակից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները վախենում են վերադառնալ Ջրառատ:

Ըստ մեզ հետ զրուցած ականատեսների, հրազենով միջադեպը եղել է Ջրառատի գյուղապետարանի մոտ։ Թե ինգնաձիգով և թե մետաղյա ձողերով ու դանակով զինված անձինք դարանակալած են եղել գյուղապետարանի շենքում: Այդ տեղեկությունները ևս հաստատում են «ՕՐՕ» դաշինքից:

Հարկ ենք համարում նաև նկատել, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայտնի է ցուցարարների նկատմամբ բռնության կիրառման համակարգմամբ և լրագրողների նկատմամբ բռնությունների անմիջական հրամաններ արձակելով: Ընդորում, բոլոր այդ դեպքերից հետո այս տարվա ամանորին Սերժ Սարգսյանը Լևոն Երանոսյանին պարգևատրեց «հասարակական կարգի գերազանց կատարման համար» մեդալով: Ջրառաատում բազմաթիվ գյուղացիներ «բարի խորհուրդ» էին տալիս մեր դիտորդներին անգամ չանցնել Երանոսյանների տան կողքով:

Լեռնիկ Երանոսյանը նախկինում դատվել է Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատար եղած ժամանակ հարբած վիճակում վիճաբանություններ սարքելու և սպանության սպառնալիքով իր իսկ տեղակալին հետապնդելու համար: 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում Լեռնիկ Երանոսյանը լուսաձայնային նռնակ էր նետել լրագրողների ուղղությամբ: Այդ դեպքից հետո, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Երանոսյանի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել էր, սակայն ավելի ուշ Երանոսյանը վերականգնվել էր իր պաշտոնում:

Նշենք նաև, որ թեև մարտի 14-ի առավոտյան Ջրառատում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Լևոն Երանոսյանը քաղաքացիական հագուստով էր և որոշ ականատեսների պնդմամբ ոչինչ չէր անում իր ազգականներին հանդարտեցնելու համար, սակայն ժամեր անց մեր դիտորդները նրան նկատել են գեներալի համազգեստով՝ իրավապահների գործողությունները համակարգելիս:

Ջրառատի բնակիչները դեպքի հետ կապված խոսելիս Լևոն Երանոսյանի անունը աշխատում էին չարտաբերել, կամ ասում էին շշուկով (անգամ, երբ շուրջը այլ մարդ չկար): Ամեն դեպքում, փաստ է, որ Երանոսյանների ընտանիքի և շրջապատի անդամները ատրճանակով և ապօրինի ինքնաձիգով զինված են եղել ու այդ զենքերը կիրառել են «ՕՐՕ» դաշինքի համակիրների դեմ:

Եզրահանգումներ

Ուսումնասիրելով վերը նշված փաստական հանգամանքները՝ «Անկախ Դիտորդ» հասարակական դաշինքի երկարաժամկետ դիտորդները եկան հետևյալ եզրահանգումներին:

-Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը առնչություն ունի ընտրությունների հետ և իրենից ներկայացնում է իշխանության աջակիցների կողմից «ՕՐՕ» դաշինքի աջակից քաղաքացիների վրա ճնշում գործադրելու փորձ:
-Մարտի 14-ին նույն գյուղում տեղի ունեցած միջադեպը մարտի 12-ի միջադեպի շարունակությունն է: Հավանական է, որ դա Երանոսյանների վրեժն էր «ՕՐՕ»-ի համակիրների կողմից Լեռնիկ Երանոսյանին զինաթափելու համար:
-Ջրառատ գյուղում տիրում է վախի մթնոլորտ: Բնակիչները համատարած վախենում են բարձրաձայն խոսել միջադեպից, իսկ միջադեպի մասնակից ընդդիմադիրները, ոչ անտեղի, վախենում էին վերադառնալ գյուղ: Լևոն Երանոսյանից Ջրառատում վախենում են համարյա բոլորը:
-Միջադեպը մեծապես արդյունք է այն հանգամանքի, որ նախկինում հանցագործություններ կատարած անձինք (Լեռնիկ և Լևոն Երանոսյանները) անպատիժ են մնացել և շարունակել են ծառայությունը Ոստիկանության զորքերում:
-Ոստիկանությունը փորձում է հանրային կեղծ տպավորություն ստեղծել, որ մարտի 14-ի միջադեպը որևէ առնչություն չունի նախընտրական գործընթացների, ընտրություններին մասնակցող ուժերի և ոստիկանության բարձրաստիճան ծառայողների հետ:
-Բոլոր իրավապահները աչք են փակել «ՕՐՕ» դաշինքի այն հայտարարությունների վրա, ըստ որոնց Ջրառատի գյուղապետը խոչընդոտել է քաղաքացիների՝ օրինական հավաքին մասնակցելուն:

«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

Իրազեկ քաղաքացիների միավորման

Մարտունու կանանց համայնքային խորհրդի

Գորիսի մամուլի ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031