Ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակության ներկայացուցիչներն այս պահի դրությամբ առարկայական խախտումներ ընտրական գործընթացում չեն գրանցել:
ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հրավերը՝ դիտորդական առաքելություն իրականացնել ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: Պարոն Գումինսկին տեղեկացրեց, որ ՀՀ կժամանեն 150-180 դիտորդներ ԱՊՀ երկրներից: Նրանցից 20-ը կլինեն երկարաժամկետ դիտորդներ, մնացածը կժամանեն ընտրություններից 2-4 օր առաջ. «Մեր հիմնական սկզբունքները նույնն են մնում. պահպանել քաղաքական չեզոքություն և չխառնվել ինքնիշխան Հայաստանի ներքին գործերին»:
Հստակեցմանը՝ Ադրբեջանից ևս կլինե՞ն դիտորդներ, պարոն Գումինսկին պատասխանեց. «ՀՀ վարչապետի հրավերից հետո ԱՊՀ բոլոր երկրներ ուղարկել ենք հրավերներ: Բոլոր երկրների ղեկավարների և ԱԳՆ-ների կողմից ստացել ենք հաստատում: Այդ երկրներն են ՌԴ-ն, Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ղազախստանը: Արդեն գրանցվել են 76 դիտորդներ»:
Հարցին՝ արդյոք խախտումներ արձանագրե՞լ են այս պահի դրությամբ, պարոն Գումինսկին պատասխանեց. «Երեկ է մեկնարկել մեր առաքելությունը: Մենք մոնիտորինգ ենք իրականացրել՝ հիմնվելով պաշտոնական լրատվական աղբյուրների վրա: Այս պահի դրությամբ առարկայական խախտումներ չենք արձանագրել»:
Կարդացեք նաև
Լրագրողների այն հիշեցմանը, թե Ջրառատ գյուղում կրակոցներ են հնչել, վիրավորներ կան, պարոն Գումինսկին արձագանքեց, թե տեղյակ չէ: Այն հստակեցմանը, թե Տիգրան Մուկուչյա՞նն էլ իրենց այդ մասին չի պատմել, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալը պատասխանեց. «Մենք այդ թեմայով չենք զրուցել, մեզ ավելի շատ նոր Ընտրական օրենսգրքին վերաբերող հարցերն էին հետաքրքրում, այդ շրջանակներում էլ զրուցել ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ