Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորվող համակարգում յուրաքանչյուր քաղաքացի սոցիալապես լիարժեք պաշտպանված է լինելու. Արտեմ Ասատրյան (Տեսանյութ)

Մարտ 15,2017 12:44

Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների և ինտեգրված սոցիալական ծառայությունների հիմքում առաջին հերթին մարդն է, մարդու գնահատված կարիքը և գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրումը: Այս մասին օրերս տված հարցազրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Նոր համակարգը սկզբունքորեն տարբերվում է մեր ունեցած համակարգերից, որոնց շրջանակներում մենք ավելի շատ սոցիալ վարչարարական ծառայություններ ենք մատուցում քաղաքացիներին և կարծես բացակայում է սոցիալական աշխատողը, իսկ սոցիալական աշխատողը ամենակարևոր դերակատարն է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունների, ծրագրերի շրջանակներում, քանի որ սոցիալական աշխատողը պետք է իրականացնի յուրաքանչյուր կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի կարիքի բազմակողմանի գնահատում և գնահատված կարիքի հիման վրա տրամադրի սոցիալական ծառայությունների փաթեթը:

Այն բոլոր ծառայությունները, որոնք կարիքի գնահատման հիման վրա չպետք է տրամադրվեն, ինչպես օրինակ օրենքով սահմանված հետևյալ ծառայությունները քաղաքացուն կենսաթոշակ նշանակելը, ծննդյան միանվագ նպաստ վճարելը, որոնք տրամադրելու համար սոցիալական աշխատողի կարիք չկա և քաղաքացին՝ դիմելու դեպքում իրականացնում է սոցիալ վարչարարական աշխատանք: Մենք հնարավորինս փորձում ենք անել այնպես, որպեսզի քաղաքացին քիչ շփվի աշխատողի հետ, քանի որ նման դեպքերում չկա կարիքը գնահատելու խնդիր. կա օրենքով սահմանված իրավունք, կա այդ իրավունքի իրացման անհրաժեշտություն կամ անհրաժեշտ քայլերի տրամաբանություն»,- մանրամասնել է նախարարը:

Վերջինիս խոսքով, այս բարեփոխումների նպատակն է` ձևավորել համակարգ, որպեսզի այն բոլոր դեպքերում, որտեղ պետք է իրականացվի վարչարարություն, դա արվի առցանց, հնարավորինս պարզ, մատչելի ձևաչափով, և քաղաքացու իրավունքը իրացվի դրա շրջանակներում, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ սոցիալական աշխատողի կողմից իրականացվի սոցիալական կարիքի գնահատում և դրան համապատասխան ծառայությունների տրամադրում:

«Կարևորն այն է, որ որպես հիմք վերցվում է ընտանիքը և յուրաքանչյուր ընտանիքի գնահատված սոցիալական կարիքի շրջանակներում նախատեսվում է սոցիալական ծառայությունների համալիր տրամադրում: Բոլոր այն տարածքներում, որտեղ արդեն ձևավորվել են ինտեգրված կենտրոններ, իսկ դրանք այս պահին 18-ն են, արդեն իսկ սկսվել են բուն գործընթացները՝ միասնական ընդունարաններում քաղաքացիների կողմից դիմումների ընդունում և դրան համապատասխան սոցիալական աշխատանքի կատարում: Առաջիկայում նախատեսվում է Հանրապետությունում ներդնել այդպիսի 50-ից ավելի կենտրոններ և մեր բոլոր բնակավայրերում ծառայությունները հնարավորինս մոտեցնելով քաղաքացիներին կունենանք ինտեգրված սոցիալական ծառայություններ: Նոր մոտեցումներ ներդնելով մենք ձևավորելու ենք մի համակարգ, որի ներքո յուրաքանչյուր քաղաքացի իսկապես սոցիալապես լիարժեք պաշտպանված է լինելու»,- հավելել է նախարարը:

Տաթեւ ՈՍԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031