Զարմանալ կարելի է այն քաղաքական ուժերի վրա, որոնք իրենց նախընտրական ծրագրերում մի կողմից նախատեսում են կտրուկ մեծացնել պետության կողմից իրականացվող ծախսերը, տարբեր ոլորտներին տալ արտոնություններ, մյուս կողմից առաջարկում են նվազեցնել հարկային բեռը։ Իսկ ինչի՞ հաշվին պետք է իրականացվեն հավելյալ ծախսերը՝ նրանց չի էլ հետաքրքրում։
Հարկային ոլորտում կտրուկ վերանայումներ է խոստանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, ընդ որում՝ ինչպես հարկատեսակների, այնպես էլ հարկային դրույքաչափերի մասով։ Նախատեսվում է կրճատել գործող հարկատեսակների թիվը՝ 15-ից հասցնելով 6-ի։ Վեց հարկատեսակներից 3-ի համար առաջարկվում է նվազեցնել դրույքաչափերը։ Խոսքը շահութահարկի, եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկի մասին է։
Բոլոր երեք դեպքերում դաշինքը պատրաստվում է սահմանել միեւնույն՝ 15 տոկոս դրույքաչափ։ Այսօր դրանք առնվազն 5-10 տոկոսով բարձր են։
Դժվար չէ պատկերացնել, թե նման կտրուկ նվազեցումն ինչ լուրջ եկամտային խնդիրներ կարող է բերել բյուջեում։ Հատկապես որ դրանք այն հիմնական հարկատեսակներն են, որոնց հաշվին ձեւավորվում է բյուջեի մուտքերի ավելի քան 82 տոկոսը։
Կարդացեք նաև
Նախատեսվում է վերացնել սահմանին ԱԱՀ գանձումը, իսկ ներմուծվող ապրանքների մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ-ապրանքագրերում (ինվոյսներում) նշված գնի հիման վրա։ Ինչպես հայտնի է, մի շարք երկրներից ներմուծումների իրականացման դեպքում մաքսազերծման ժամանակ կիրառվում է հարակից գնի մեթոդը։
Հասկանալի է, որ այն արդարացված մոտեցում չէ։ Բայց դա չի նշանակում, թե հաշիվ-ապրանքագրի անվան տակ ներկայացվող ցանկացած թուղթ պետք է հալած յուղի տեղ ընդունել։ Պարզ չէ՞, որ, ասենք՝ 10 հազար դոլարանոց ապրանքը չի կարող գնված լինել 100 դոլարով։ Անկասկած նման ակնհայտ կեղծիքների ճանապարհը հարկավոր է փակել։
Մեծ ռիսկ է ինվոյսների իսկության ճշտման պատասխանատվությունն ընդհանրապես պետության վրա դնելը, ինչը խոստանում է անել «Կոնգրես¬ՀԺԿ» դաշինքը։ Դա նշանակում է, որ մաքսային մարմինները, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը պետք է զբաղվեն դրանով։ Ու դեռ հարց է, թե ինչ արդյունքի կարող են հասնել։
Այսօր չկան պայմաններ, այդ թվում՝ արտաքին միջավայրով պայմանավորված, բացառապես գնի մեթոդով ներմուծվող ապրանքների մաքսազերծման անցնելու համար։ Խնդիրն իսկապես կա, բայց առաջարկված տարբերակն ամենեւին էլ դրա լուծումը չէ։
Ավելին՝ նման առաջարկ ներկայացնելը նշանակում է խթանել ստվերային տնտեսությունը, վտանգել բյուջեի եկամուտները եւ մեծապես հարվածել տնտեսական մրցակցությանը։ Մանավանդ որ ազատ եւ հավասար մրցակցությունը դաշինքի առանցքային նպատակադրումներից է։
Այս քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը փորձում է մենաշնորհների եւ օլիգարխների դեմ պայքարելու ելք առաջարկել։ Այդ նպատակով նախատեսվում է սահմանափակել նրանց մասնակցությունը շուկաներում.
-Մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ։ Սահմանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով։
Եթե դաշինքի տնտեսական բլոկի պատասխանատուները կարծում են, որ մասնաբաժնի սահմանափակումը կարող է լինել մենաշնորհների դեմ արդյունավետ պայքարի միջոց, ապա չարաչար սխալվում են։ Դժվար չէ նույն տնտեսավարողի կողմից տարբեր մարդկանց անունով բացել ընկերություններ եւ շուկան կիսել դրանց միջեւ։ Այնպես, ինչպես սովորաբար արվում է։
Ն. Սարգսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում