Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից». Կարեն Կարապետյան

Մարտ 15,2017 12:42

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք» համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Վարչապետը ողջունել է առաջին անգամ Սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշելու նախաձեռնությունը՝ վստահություն հայտնելով, որ դա լավ ավանդույթ կդառնա և կնպաստի ամենատարբեր ոլորտների սպառողների պաշտպանվածության, իրազեկվածության բարձրացմանը: «Մենք պետք է բավական հետևողական լինենք: Որքան բարձրացնենք մեր քաղաքացիների քաղաքացիական դիրքորոշումը բոլոր ոլորտներում, այնքան շահելու ենք բոլորս: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ մեր սպառողները, հասարակական և այլ պրոֆեսիոնալ կառույցները համագործակցեն մեզ հետ ամենօրյա ռեժիմով: Կառավարության ծրագրում Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը դիտարկվել է որպես առաջնահերթություն՝ մասնավորեցնելով սննդամթերքի անվտանգության ոլորտը», – ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը ռազմավարական խնդիր է համարել Հայաստանի պարենային անվտանգության բարձրացումը և մի շարք գործողություններ նախատեսել այդ ուղղությամբ, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է և արդյունք է տալիս: «Մեզ համար չափազանց կարևոր է արտադրողների և ծառայություն մատուցողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն թե´ անվտանգության ապահովմանը, թե´ որակի բարձրացմանը՝ բավարարելով սպառողների ամենախիստ պահանջները: Սպառողական շուկայի զարգացումը բխում է թե´ պետական, թե´ հասարակական հատվածի շահերից, և ակնհայտ է, որ այս հարթության մեջ համագործակցելու, առկա խնդիրները համատեղ վերհանելու և լուծելու հրամայական ունենք», – նշել է կառավարության ղեկավարը:

Սպառողի պաշտպանվածության, սեփական իրավունքների մասին իրազեկվածության և սպառողական գիտելիքների ձեռքբերման առումով Կարեն Կարապետյանը կարևորել է ՀԿ-ների և ԶԼՄ-ների ակտիվ դերակատարությունը: «Անհնար է սպառողի իրավունքները պաշտպանել առանց պետություն-բիզնես-սպառող շղթայի փոխգործակցության: Սեփական իրավունքների նկատմամբ ուշադիր և պահանջատեր սպառողը պետական վերահսկողության ամենամեծ աջակիցն է, և մենք մեծ ակնկալիքներ ունենք դրանից: Համաժողովին մաղթում եմ կառուցողական աշխատանք, մեր սպառողներին՝ անհանդուրժողականություն բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք մեզ հուզում են: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի ծառայությունները ՀՀ տարածքում մատուցվեն որակյալ և անվտանգ, շահագրգռված է, որպեսզի բիզնեսը զարգանա, աշխուժանա, ներդրումներ գան, աշխատատեղեր ստեղծվեն, բայց մենք ունենք նորմեր և սահմանափակումներ, որոնք երբեք պետք է չխախտենք», – եզրափակել է վարչապետ Կարապետյանը:

Ելույթներով են հանդես եկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ-տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:

Վալերի Կորեշկովը կարևորել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵԱՏՄ անդամ պետությունում նման համաժողովի կազմակերպումը, որը լավ հարթակ է շահագրգիռ հարցերի քննարկման, կարծիքների փոխանակման և արդյունավետ լուծումների մշակման համար:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նշել է, որ համաժողովին նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպվել են սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության և տեղեկացվածության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ դպրոցականների, ուսանողների, գործարարների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նա ներկայացրել է իրենց իրավունքների վերաբերյալ սպառողների իրազեկվածության բարձրացման և սննդի շղթայի օպերատորների համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ աշխատանքները:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031