«Լավ» ընտրությունների իմիտացիայի համար իշխանությունները արմատապես նվազեցրին տեղամասերում ընտրակեղծիքների հնարավորությունները։ Տեղամասերում տեղադրվելու են տեսախցիկներ, բոլոր ընտրողները կգրանցվեն էլեկտրոնային համակարգերով, իսկ ընտրողների ստորագրություններով ցուցակները կհրապարակվեն։
Այժմ շատ դժվար է դարձել լցոնում կատարելը, կամ երկրից բացակայողի փոխարեն քվեարկելը… Փոխարենը, ինչպես ասացինք, ընտրակարգը այնպիսին է, որ Հանրապետական կուսակցությունը, չունենալով հանրային սատարում, կկարողանա հավաքել բավականին շատ խորհրդարանական մանդատներ։
Ավելին, իշխանությունը նաեւ առավել քան երբեւէ զարկ է տվել, այսպես կոչված, չերեւացող ընտրակեղծիքներին… Խոսքը ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրողների վերահսկման մասին է։
Որքան էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս Բրյուսելում փորձեինք բացատրել, որ Հայաստանում վախի մթնոլորտ է ու համատարած են չերեւացող ընտրակեղծիքները, միեւնույն է, մենք այդքան հասկանալի չէինք լինի, որքան Լեւոն Երանոսյանն ու յուր ազգուտակը։
Խախտելով հանգիստ ու «սիրուն» ընտրությունների բոլոր սպասելիքները (անգամ մենք էինք դա ակնկալում)՝ Երանոսյանները որոշեցին հրազենով ցույց տալ, որ «իրենց» գյուղում «ընդդիմություն չկա»։
Զրառատի պատմությամբ Երանոսյանները ջրի երես հանեցին թե ընտրությունների, եւ թե իրավապահ համակարգի ողջ իրական պատկերը։ Միջազգային հանրությունը ոչ միայն տեսավ այն, որ Հայաստանի ոստիկանապետի տեղակալը մասնակցում է հրազենային խուլիգանությանը, այլեւ այն, որ մեր երկրում գյուղապետը կարող է հայհոյել ընդդիմախոսների ցույցի մասնակիցներին եւ դա անգամ որպես արտառոց բան չի դիտվի։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում