Ինչ չպետք է անի Հայաստանը
Մարտի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Բաքու, հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւին, որից հետո երեքն էլ ուշագրավ հայտարարություններ արեցին: Ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է իրականացվեն: Ընդ որում, դա ասաց առանց «եթե»-ի եւ «սակայն»-ի: Ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը նշեց, որ անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանին «ամենաբարձր» մակարդակով: Իսկ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին արձանագրեց, որ գործընթացը «մեռյալ կետից դուրս է եկել»: Բացի դրանից, համանախագահները հայտարարել են, որ շուտով այցելելու են նաեւ Հայաստան եւ Արցախ:
Ընդ որում, այցը տեղի ունեցավ Բաքվի՝ ԵԱՀԿ-ում ներկայացուցչության պաշտոնական հայտարարությունից հետո, որով Ադրբեջանը «հիմնավորում» էր, թե ինչու չպետք է կատարի Վիեննայի պայմանավորվածությունները՝ ասելով, թե դա ամրապնդում է ներկայիս ստատուս քվոն, եւ որ Հայաստանն «օգտվում է առիթից»՝ խուսափելով «առարկայական» բանակցություններից:
Նաեւ, համանախագահների՝ Ադրբեջան այցելությունից մեկ օր առաջ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հավաստիացնելով, որ Ռուսաստանը շարունակելու է իր միջնորդական առաքելությունը՝ փոխգործակցելով ՄԽ համանախագահ երկրների հետ, հիմնվելով ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների՝ հինգ համատեղ հայտարարությունների վրա, եւ առանձին շեշտեց, որ այդ փաստաթղթերում նշվում է հարցը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության մասին: Բացի դրանից, տիկին Զախարովան «իմիջիայլոց» նշեց նաեւ, որ Ռուսաստանը, եռյակի շրջանակներում ընդունված մոտեցումներին «զուգահեռ» եւ հաշվի առնելով «սերտ հարաբերությունները» Երեւանի եւ Բաքվի հետ, իր «ինքնուրույն քայլերն» է անելու, ինչը թույլ կտա «անկեղծորեն մտքեր փոխանակել առանցքային հարցերի շուրջ»:
Եվ ահա՛, այս ամենից հետո, ինչպես ասում է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին՝ գործընթացը դուրս է եկել մեռյալ կետից: Նշենք նաեւ, որ ռուսական կողմը բավականին սառը ընդունեց Մոսկվայում Էրդողանի առաջարկը՝ Անկարա-Մոսկվա-Բաքու «եռյակ դաշինքի» (ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների), թե «եռակողմ մեխանիզմի» (ըստ Կրեմլի տեսանյութի թուրք թարգմանչի) վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նախընտրական Հայաստանի քաղաքական ղեկավարությանը սպասվում է դիվանագիտական հասունության լուրջ քննություն, որի արդյունքը կանխորոշելու է մեր երկրի հետագա, կենսական կարեւորության իրադարձությունները:
Հայկական դիվանագիտությանը պարզապես հակացուցված է կրկնել քառօրյա պատերազմից հետո գործած սխալները եւ հնարավորություն տալ Մոսկվային նախ՝ փրկել Ալիեւին, իսկ հետո նորից «արձակել» նրա ձեռքերը, այդ ձեռքերում զենքի նոր խմբաքանակ դնել եւ մի գեղեցիկ օր կրկին «քշել» մեզ վրա: Հենց դա էլ տեղի ունեցավ մինչ 2016-ի ապրիլը, դա է տեղի ունեցել ապրիլյան պատերազմից հետո մինչ օրս, եւ հասել ենք վերջին փուլին՝ մեզ վրա «քշելու»: Այսինքն՝ իրավիճակը, որը հանգեցրեց ապրիլյան պատերազմի, կրկնվում է: Բայց…Ռուսաստանն այսօր «հանկարծ» սկսեց «կառուցողականություն» խաղալ եւ իրեն պահել եռանախագահության ձեւաչափի մեջ, երբ մի կողմից՝ Երեւանը, փաստորեն, հրաժարվեց Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով հանդիպումներից Մյունխենում եւ Մոսկվայում, ինչը երազում էր Բաքուն, եւ Մոսկվայի՝ «հատուկ դերի» մասին դրանում խոսում էր Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն: Մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքականության անխուսափելի կոշտացումը թուլացնելու խնդիր ունի Մոսկվան: Պուտինի՝ «Տրամպնաշ» օպերացիան խայտառակ վերջաբանի հանգեց մեծ հաշվով, որի «հետցնցումների» հետեւանքները շարունակում են մնալ անկանխատեսելի: Ավելին՝ ԱՄՆ-ը ոչ միայն չի պատրաստվում կազմաքանդել Հյուսիսատլանտյան դաշինքը, այլեւ մեծացնում է իր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արեւելյան սահմանի ուղղությամբ եւ Սեւ ծովի ավազանում, իսկ Ռուսաստանի տնտեսական հեռանկարները նավթի գների անկման նոր ալիքի ֆոնին տագնապալի են: Եվ իր՝ եւս մի վերարտադրությանը գնացող Պուտինի ռեժիմի համար այդ «կառուցողականությունը» ստանում է կենսական կարեւորություն, եթե հարցին նայենք ռացիոնալ տեսանկյունից:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի ֆունդամենտալ շահերն են տարածաշրջանում մնում անփոփոխ, ավելի ճիշտ՝ այդ շահերի մոսկովյան ընկալումները, այսինքն՝ Մոսկվային հակացուցված է երկու բան՝ վերջնական խաղաղություն եւ լայնամասշտաբ «անկառավարելի» պատերազմ: Բացի դրանից, Մոսկվայում դեռ ողջ է այն սերունդը, որի օրոք տեղի ունեցավ Ռուսական, սովետական կայսրության փլուզման առաջին փուլը, եւ լավ են հիշում, որ այն սկսվեց, երբ սկսվեց դարասկզբի ռուս-թուրքական գործարքի ծնունդ Ադրբեջանի տրոհումը: Եվ ամենեւին էլ, մեղմ ասած, փաստ չէ, որ գործընթացն ավարտված է…
Արդյո՞ք մենք գնում ենք դեպի իրական կարգավորում: Իհարկե, ո՛չ: Առնվազն միամտություն է այդպես կարծելը: Սակայն հայկական դիվանագիտությունը ստացել է նոր հնարավորություն ոչ միայն խուսափելու պատերազմից, այլեւ ԵԱՀԿ մեխանիզմներով կայունացնելու դիմակայության գիծը, իրավիճակը հակամարտության գոտում, մինչ այն օրը, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի հասկանալու, որ Արցախում բացառված է Բաքվի իշխանությունը, որ հարցի այլ լուծում հայերը թույլ չեն տալու այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 1988-ից հետո, եւ որ իմաստ չունի պահանջել հայերից այն, ինչ կորցրել ես քո՛ իսկ սանձազերծած պատերազմում, եւ իմաստ էլ չունի փորձել դա անել նոր պատերազմով: Միեւնույն է՝ հայերը դա թույլ չե՛ն տալու, ինչպես նաեւ թույլ չեն տալու ոչ 100 տարի առաջվա դեպքերի, ոչ 1921-23թթ. դեպքերի կրկնություն:
Իսկ առաջիկայում Հայաստանը, նախ, պետք է այլեւս հեռու մնա ցանկացած ձեւաչափերից, որոնք դուրս են Մինսկի խմբի եռանախագահությունից, եւ առաջին հերթին՝ Բաքվի հետ այդ «եռակողմ» հանդիպումներից Մոսկվայի առաջարկությամբ եւ հովանավորությամբ: Բացի դրանից, Երեւանը պետք է ոչ թե «ցավալի» համարի Ռուսաստանի կողմից Բաքվին հարձակողական եւ այլ զենքի վաճառքը, այլ ուղղակի առկախի իր հարաբերությունները Մոսկվայի հետ հենց այդ հարցից: Ի վերջո, Ռուսաստանը պետք է ստիպված խաղա ամերիկյան կանոններով, ինչպես Իրան-«վեցյակ» բանակցային գործընթացում էր, որը պատմական հաջողությամբ պսակվեց 2014-ին: Մենք չափազանց հեռու ենք վերջնարդյունքից, բայց հակամարտության ընթացքը որոշակի դրական հուն տեղափոխելը բխում է ոչ միայն մեր, այլեւ տարածաշրջանի եւ Եվրոպական անվտանգության շահերից:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
Հ.Գ. Ընտրություններ են, հասկացանք: Միայն թե, ի սեր Աստծո, բավական է մարդկանց բացատրեք, որ խաղաղությունը պատերազմից լավ է: Այո՛, մենք խաղաղություն ենք ուզում, եւ հակառակը կարող է պնդել միայն մոլագարը: Բայց… Դրա փոխարեն՝ մարդկանց բացատրեք եւ առաջարկեք, թե ինչու եւ ինչպես սկսվեց քառօրյա պատերազմը, եւ ինչ անել, որ նոր պատերազմ չստանանք: Եվ չփորձեք մարդկանց դնել հիմարի տեղ եւ ամեն ինչը գցել միայն եւ բացառապես Բաքվի վրա, իշխանության վրա՝ շրջանցելով մեր, իսկ ավելի ճիշտ՝ ձե՛ր «դարավոր բարեկամին»: Իսկ մնացածն արդեն աքսիոմ է, որը լավագույնս ձեւակերպել է Ուինսթոն Չերչիլը. «Պատերազմի մեջ՝ վճռականություն, պարտության մեջ՝ արիություն, հաղթանակի մեջ՝ մեծահոգություն, խաղաղության մեջ՝ բարի կամք»:
«Առավոտ»
15.03.2017