2017 թ. մարտի 13-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանի կողմից բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման փաստի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանի՝ 2016 թ. սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունը:
Դատական նիստին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, Կազմակերպության Երևանի ներկայացուցչություն իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և վարույթն իրականացրած քննիչ Կ. Խանումյանը: ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանը և գործի հետ առնչություն ունեցող անձ Ն. Դավիդյանը, ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չէին ներկայացել դատական նիստին: Չնայած քննիչ Կ. Խանումյանի առարկությանը՝ Դատարանը հնարավոր համարեց նիստն առանց նրանց անցկացնելը և անցավ գործում առկա ապացույցների՝ նախապատրաստված նյութերի հետազոտմանը, որից հետո հնարավորություն տվեց կողմերին հանդես գալու ամփոփիչ խոսքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը կարծիք հայտնեց, որ քրեական գործի հարուցումը սուբյեկտիվ կողմի բացակայության հիմքով մերժելը վկայում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի կարգով քրեական գործ հարուցելու անհրաժեշտության մասին:
Անդրադարձավ նաև նախորդ դատական նիստին վարույթն իրականացնող մարմնի հնչեցրած պատասխանին, թե թմրամիջոց գործածող անձ լինելու մասին տեղեկությունների հրապարակումը մասնագիտական անհրաժեշտությունից չէր բխում՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի տրամաբանությամբ նաև սուբյեկտիվ կողմի հիմնավորման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պետք է կայացներ քրեական գործ հարուցելու մասին որոշում: Այդպիսով՝ Տ. Սիրադեղյանը խնդրեց բավարարել Կազմակերպության բողոքը: ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանը պնդեց իր ներկայացրած դիրքորոշումը՝ խնդրելով մերժել ներկայացված բողոքը: Դատարանն անհրաժեշտ համարեց մեկ անգամ ևս ծանուցել ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանին՝ նրան հնարավորություն տալով հանդես գալու ամփոփիչ խոսքով: Այդպիսով՝ բողոքի քննությունը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:00-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ