Երեկ Ջրառատում տեղի ունեցած միջադեպը սկիզբ է առել դպրոցում՝ պատանիների միջև ընդհարմամբ, այնուհետև այն տեղափոխվել է գյուղապետարանի հարակից տարածք։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց հրազենային վիրավորումով հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Հայկ Մելքոնյանի մայրը՝ Զինա Մելքոնյանը։
Զինա Մելքոնյան. – Գյուղապետի եղբոր տղան՝ 9-րդ դասարանի Ռաֆայելը, հայհոյել է տղայիս՝ ընկերոջ մոտ։ Ընկերը հայտնել է իմ տեգոր տղային, որ Ռաֆայելը սենց հայհոյում է։ Տեգորս տղան գնացել, ասել է՝ «ինչո՞ւ ես հայհոյում», նա էլ ասել է ՝ «լավ եմ անում։ Արի գնանք գյուղապետարանի մոտ խոսենք»։ Էրեխուն քաշել են գյուղապետարանի մոտ… մի խոսքով, զանգեց երեխան, որ բոլորը թափվել են վրան, ձեռքը լոմով կոտրած՝ գնացել են ու տենց գյուղապետարանից զենքը հանել են ու հասել են մերոնց վրա։ Ես գնացի առաջ, կրակոցներ լսեցինք, մենք արդեն պատկերացրեցինք՝ երեխայի վրա հարձակվել են։
Ջրառատում, հիշեցնենք, միջադեպ էր գրանցվել նաև փետրվարի 12-ին: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել էր, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գյուղապետ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, ով, ըստ դաշինքի հաղորդագրության, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, սպառնալիքներ է հնչեցրել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։
Երեկ կայքերից մեկը տեսանյութ էր տարածել, որտեղ նշվում էր, որ երեկվա միջադեպին ներկա է եղել նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։
«Ազատություն». – Երանոսյանների մասնակցության մասով ի՞նչ գիտեք, իրենք եղե՞լ են այնտեղ։
Զինա Մելքոնյան. – Դե դրանք են էլի։
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում