Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն, ընդհանուր առմամբ, գոհ չէ Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեր մեծահասակների մասնակցությունից, որոնցից ավելի շատ ակնկալիքներ ուներ թե անհատական, թե թիմային պայքարում:
Եվրոպայի առաջնությունում միակ արծաթե մեդալը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների պայքարին: Մարզչի խոսքերով, հավաքականը նախապատրաստական փուլն անցել էր լիարժեք եւ հրաձիգները ոչ մի խնդիր չեն ունեցել: Ըստ նրա, մրցավայրում հրաձիգներին հիմնականում խանգարել է պայքարին հոգեբանորեն պատրաստ չլինելը:
Սակայն Սեյրան Նիկողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսեց մեր փորձառու հրաձիգներից Հրաչ Բաբայանի ձախողման պատճառի մասին, որը տեխնիկական բնույթի է եղել: Նրա պատմելով, որակավորման փուլը չհաղթահարելը զենքի հետ ինչ-որ անսարքություն առաջանալու հետեւանք էր:
«Հրաչն այն աստիճան բարձրակարգ նշանառու է, որ անգամ 10,2 միավորը մենք ցածր արդյունք ենք համարում: Իսկ Մարիբորում նա նույնիսկ 3 միավոր խոցեց, ինչը անհավանական է նրա պարագայում: Ստիպված էինք հենց նույն պահին զենքը տեղում ստուգել: Մրցակարգով նման իրավունք կա եւ անսարքությունը վերացնելու կամ զենքը փոխելու համար խիստ սահմանափակ ժամանակ է տրվում: Անսարքությունը վերացրինք, սակայն, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել էր», – ասաց Սեյրան Նիկողոսյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ զենքը միանգամայն նոր է, գերմանական հայտնի ֆիրմաներից մեկի արտադրության:
«Զենքն, այնուամենայնիվ, մեխանիկական սարք է ու կարող է խափանվել: Այդ ֆիրման խափանման համար ներողություն է խնդրել մեզանից եւ խոստացել որպես փոխհատուցում հաջորդ հանդիպմանը նույն զենքից մեկ հատ նվիրել», – ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հրաչ Բաբայանի ՖԲ էջի