Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելը։ Այս մասին նա հայտարարել է Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններին:
«Ցանկանում ենք, որպեսզի բանակցությունները վերսկսվեն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ցանկանում ենք, որպեսզի մյուս համանախագահ երկրները՝ և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը, իրենց ներդրումն ունենան այս գործընթացում: Մենք կարծում ենք, որ չափանիշները հայտնի են, և կարելի է գտնել ուղիներ այդ ձգձգվող հակամարտության կարգավորման համար»,- ասել է Օլանդը։
Օլանդի խոսքով՝ առկա ստատուս-քվոն անընդունելի է։ «Վտանգներ կան, և մենք համոզվեցինք դրանում անցած տարվա ապրիլին, երբ միջադեպ տեղի ունեցավ»,-հավելել է Ֆրանսիայի նախագահը։
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտ է վերսկսել արցախյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները:
Կարդացեք նաև
Ալիևի խոսքով՝ ստատուս-քվոն անընդունելի է: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն ընդունելի չէ: Մենք նույնպես դրա մասին ենք խոսում և ցանկանում ենք, որ ստատուս քվոն որքան հնարավոր է արագ փոխվի, և հակամարտությանը վերջ տրվի: Տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, իսկ տեղահանված ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենի հողերը», – ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ