Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ եմ ես խոստանալու

Մարտ 15,2017 10:10

Ես երբեք չեմ դառնա Ազգային ժողովի պատգամավոր, որովհետեւ նման ցանկություն երբեւէ չեմ ունեցել եւ չեմ ունենալու: Բայց եկեք «մտափորձ» անենք եւ ենթադրենք, որ կցանկանայի առաջադրել իմ թեկնածությունը: Մտածում եմ՝ ինչ կխոստանայի այդ դեպքում: Սկսեմ այն բաներից, որոնք չեմ խոստանա՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում, «Նաիրիտի», «Քիմպրոմի» եւ այլ նմանատիպ գործարանների վերագործարկում, անվճար բժշկություն եւ բարձրագույն կրթություն, արագաչափերի վերացում, աշխատատեղերի բացում, գազի-լուսի գնի էժանացում, բանկերի վարկերը դարձնել 3 տոկոս ես չէի խոստանա: Այդ խոստումների մի մասը կամ ուտոպիա է, կամ պոպուլիզմ, մյուսը՝ տնտեսական ցուցանիշների հետ կապված, իհարկե, սկզբունքորեն հնարավոր է իրականացնել: Բայց տնտեսական վիճակը հետեւանք է, ոչ թե պատճառ: Իսկ պատճառը մենք ենք, մենք բոլորս, եւ շատ-շատ բան է կախված նրանցից, ովքեր ապրիլի 2-ից հետո պատգամավոր են դառնալու:

Եվ, հետեւաբար, իմ նախընտրական խոստումները, եթե դրանք լինեին, կառնչվեին միայն իմ անձի հետ: Ես նախ՝ փաստաթղթեր կներկայացնեի, թե ինչպես եմ ապառիկով գնել իմ տունն ու մեքենան, եւ կխոստանայի, որ դրանք 5 տարում չեն փոխվի, տունը ոչ մի սանտիմետր չի մեծանա, իմ իրերն ավելի ճոխ, ավելի «բրենդային» չեն դառնա:
Ես կխոստանայի, որ ոչ գաղտնի, ոչ էլ բացահայտ ոչ մի լրատվամիջոց չեմ պահի («Առավոտից» էլ, բնականաբար, կհրաժարվեի) եւ թույլ չեմ տա, որ որեւէ թերթ, կայք կամ հեռուստատեսություն դառնա իմ քարոզչամիջոցը:

Ես կխոստանայի պատգամավորությանը զուգահեռ չզբաղվել որեւէ գործով՝ բացի դասախոսական եւ գիտական աշխատանքից: Կխոստանայի առանց հարգելի պատճառի չբացակայել Ազգային ժողովի որեւէ նիստից: (Չգիտես ինչու, մեր օլիգարխիան հատուկ «պոնտ» է համարում պատգամավոր ընտրվել եւ Ազգային ժողովի նիստերի չգալ, քանի որ դա իրենց «արժանապատվությունից ցածր է»):

Ես կխոստանայի ոչ մեկին անձնապես չքննադատել եւ ոչ մի քննադատության չպատասխանել: Առաջ քաշել իմ գաղափարները եւ քննարկել դրանք, եթե պետք լինի՝ վիճել դրանց մասին, բայց երբեք չիջնել անձնական հաշիվներ մաքրելու մակարդակին: Ես երբեք ձայնս չէի բարձրացնի՝ ամբիոնի մոտ կանգնած:

Ես կխոստանայի օգնականներ պահել ոչ թե սուրճ եփելու, այլ ինձ համար տնտեսագիտական եւ իրավագիտական նյութեր նախապատրաստելու նպատակով: Ես կկարդայի բոլոր օրինագծերը, որպեսզի դրանց մասին ունենամ լուրջ ձեւավորված կարծիք:
Այդ ամենը ես իրականում չեմ խոստանում, որովհետեւ չեմ պատրաստվում պատգամավոր դառնալ: Իսկ չեմ պատրաստվում, քանի որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: Իմ գործն ինձ շատ է դուր գալիս:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վասիլի Գևորգյան says:

    Ինձ թվում է, Ձեր խոստումներից մեկն անիրագործելի է՝ ինչպե՞ս թույլ չեք տա, որ որևէ կայք, թերթ կամ հեռուստատեսություն դառնա Ձեր քարոզչամիջոցը: Չէ՞ որ դրանցից շատերն ինքնակամ կստանձնեն այդ <> գործը և Ձեր կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով դրան խոչընդոտելը կլինի միջամտություն ազատ մամուլի գործերին:)) Խնդիրները մեր բոլորի գլուխներում են:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Ես զարմանում եմ, թե ինչպես է հնարավոր նման մտքեր արտահայտել, և միաժամանակ չլինել ՀՀԿ անդամ: / Այդ տեսակետից, թերևս, Մարգարիտա Եսայանը ավելի անկեղծ է վարվել /:
    Եղբայր, ինչ կա՝ կա, էլ ինչ իմաստ ունի էսպիսի խուճուճ խաղեր տալ՝ փնովել ամեն ինչ, ինչ ընդդիմությունն է ասում, /ինչն էլ իր հերթին այն է ինչ հանրության ճնշող մեծամասնությունն է ուզում/,
    և չասել ոչինչ՝ ՀՀԿ-ի դատարկ ու ոչինչ չասող, և ամենակարևորը՝ որևէ բան չպարտավորեցնող և կյանքում էլ չիրականացող կարգախոսների մասին: Հիշեցնե՞մ, թե՝ կարիք չկա, հնարավոր է շատերի մոտ սրտխառնուք առաջանա…
    Միայն Սերժի գովասանքն է պակասում, էն էլ երևի այն պատճառով, որ հնարավոր է ընթերցողները սև փիառի տեղ ընդունեն, մտածելով, թե՝ սարկազմ է…

  3. henri says:

    Սիրելի Արամ
    Դուք ուշ մնացեր էք ափսոս – ձեզմէ առաջ հրապարակը լեցուցած են այնպիսի մարդիկ որ Քսանհինգ տարիէ -կապիկի նման ճիւղէ ճիւղ ցատկրտելով այդ բոլոր փուչիկային խոստոմները տալով տակաւին շատ գործունեայ են-Ձեզի կարգ չեն տար :

  4. Լավատես says:

    Ժամանակին փորձել էի մկների ժողովի դրական լուծումն առաջարկել, երբ մկները իրենց միջից ընտրում են լավագույնին որպես հրամանատար ու երդվում նրան, որ նրա հրամանները անվերապահորեն կկատարեն, իսկ այդ լավագույնը ինչքան էլ ուրիշ սիրած գործ ունենար ու հեչ էլ չէր ուզի հրամանատար լինել, բայց մկների կրոնի համաձայն սուսիկ փուսիկ պետք է գլխավորի նրանց, հրաժարվելու տարբերակ չկա։ Ստացվում է, Ա եթե մի կամ մի քանի հայ մոտեցավ մեկ այլ հայի ու նրան հանձնելով իրենց հավատարմագրերը՝ անձնական տվյալներով ու երդման տակ ստորագրություններով, որ պատրաստ են անվերապահորեն կատարել նրա օրինական հրամանները, այդ մեկ հայը անվերապահորեն պետք է ընդունի նրանց առաջարկը, եթե չկան հրաժարվելու օրինական հարգելի պատճառներ, Բ եթե ընտրյալը ընտրվելուց հետո ոչ մի հրաման չի տալիս իրեն ընտրողներին ու չի կազմակերպում բարդ ու վտանգավոր խնդիրների լուծում, էդ ընտրյալին դատում են հայ կրոնի օրենքներով։ Մի խոսքով, ազգ բանակ, բանակ պետություն, պատգամավոր հրամանատար, ընտրող զինվոր։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031