Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակրթությունը շրջանցել է Դալարիկը. խմելու ջուրը հորերից են հանում կամ «նիսյայով» գնում, տները փլվում են, հողերը չեն մշակվում

Մարտ 15,2017 17:00

Հայ-թուրքական սահմանից ընդամենը 20 կիլոմետր հեռավորության վրա է Դալարիկ գյուղը, նախկինում Մաստարա էր կոչվում. Արմավիրի մարզի այս գյուղն էլ հայկական շատ բնակավայրերի պես դատարկվում է, շենքերը փլվում են հողերը չեն մշակվում: 2004 թվականին, պաշտոնական տվյալներով, գյուղը 4000-ից ավելի բնակիչ ուներ, հիմա, ինչպես տեղացիներն են ասում՝ 1000 մարդ հազիվ լինի: Արտագնա աշխատանքի սեզոնին էլ, դալարիկցիների ասելով՝ գյուղում միայն տարեցներ, կանայք ու երեխաներն են:
Հողագործությամբ զբաղվելը ձեռնտու չէ, գյուղացիներն ասում են՝ պետք է վարկ վերցնեն հող մշակելու համար, սակայն վարկի տակից չեն կարող դուրս գալ. «Տոկոսներն էնքան բարձր են, որ վարկ վերցնենք, մի քանի բան ցանենք, հետո էդ ինչ բերք պիտի ունենանք, որ կարողանանք վարկը փակել, կոպեկների եկամուտ է, դրա համար էր վարկ չենք վերցնում: Գյուղում մի դեպուտատի խաղողի այգիներում գնում աշխատում ենք, գյուղացին դառել է վարձու աշխատող»:


Քաղաքակրթությունն ու 21-րդ դարը կարծես շրջանցել են Դալարիկը, այստեղ անգամ խմելու ջուր չկա, գյուղացիները խմելու ջուրը գնում են, Թալինից ցիստեռններով այս գյուղ ջուր են բերում՝ վաճառում. այս գյուղում շատերը ջուրը պարտքով են վերցնում, ասում են. «Նիսյայով ջուր ենք առնում, սպասում ենք՝ նպաստ, թոշակ ստանանք, վճարենք: 10 լիտրը 70 դրամ արժե, ճաշն էդ ջրով ենք եփում, լվացքն էլ, շաբաթը մի անգամ ենք լողանում: Մարդիկ կան, որ հորերից են ջուրը հանում, եռացնում՝ խմում, ժողովուրդը սոված կոտորվում է, մարդիկ կան, որ 70 դրամ չունեն խմելու ջուր առնեն»:

Գյուղում բազմաբնակարան շենքեր կան, որ կառուցվել են նախորդ դարի 60-ականներին ու մինչ օրս երբեք չեն վերանորոգվել:


Դալարիկցի Գյուլնարա Գասպարյանն ապրում է այդ գյուղի կիսավեր շենքերից մեկում. «Վթարային վիճակ է, տունը խոնավ, ցուրտ, սաղ քանդվում ա, կրիշից ջուրը չռում ա վրեքներս»:

Գյուղացիներն ասում են՝ պաշտոնյաները գյուղ ոտք են դնում ընտրությունից ընտրություն, այն էլ՝ 1-2 հոգի: Այս նախընտրական տարում դեռեւս իշխող կուսակցությունից որեւէ մեկը գյուղ չի գնացել: Օրերս ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն էր այս գյուղում քարոզարշավ անում:
Դալարիկցիները որեւէ մեկի հետ հույս չեն կապում, հավատը կորցրել են:
«Էսքան տարի է՝ ղեկավարել են հանրապետականները, ի՞նչ են արել ժողովրդի համար, կոնկրետ մեզ համար` ոչ մի բան, ճանապարհների մասին էլ չեմ խոսում: 4 երեխա ունեմ, 4-ն էլ Ռուսաստանում են, մենք` մարդ ու կնիկ ծաղիկ, մնացել ենք Դալարիկի կենտրոնում: Բա էս ապրե՞լ ա, հող ունենք, բայց ֆինանս չունենք, որ մշակենք: Էսքանից հետո ինչ ընտրություն անենք»,- նեղսրտած ասում է տիկին Գյուլնարան, շունչ քաշում, մտքերը հավաքում ու շարունակում. «Ամբողջ պառլամենտը անգրագիտությամբ լցված է, էլ ինչի՞ մասին է խոսքը: Մի քանի պատգամավոր է, որ ելույթ ունենալուց հաճույք ես զգում: Հանրապետականից, էդ նույն դեմքերը տեսնելուց արդեն հոգնել ենք: Թող նոր, գրագետ մարդիկ գան»:


Դալարիկցիների համար կյանքը կանգ է առել, գյուղացիներն ասում են՝ անկախությունից ի վեր գյուղում ուղղակի գոյատեւում են, կյանքից ոչ մի հաճույք չեն ստանում:
«Տղաս Արցախյան պատերազմից հետո հաշմանդամություն է ձեռք բերել, չէինք կարում ամուսնացնեինք, վերջերս հազիվ, մեծ դժվարությամբ ամուսնացրինք, համ փող չունեինք, դե հիմա էլ չունենք, համ էլ ամեն մեկն աղջիկ չի տալիս հաշմանդամին: Հիմա մի երեխա ունի, մյուսն էլ շուտով կծնվի:

Մի թեթեւ, հարմար աշխատանք չկա, որ տղաս գոնե մի տեղ մտնի, աշխատի, հաշմանդամի համար գործ չկա, ինքն էլ ամեն գործ չի կարա անի: Ասենք՝ իբր մյուսների համար գործ կա՞, որ տղուս համար էլ լինի: Հըմի մարդ ու կնիկ դեռ կարում ենք աշխատել, մեր երեխուն պահել, հետո չգիտեմ՝ ինչ ենք անելու: Մի քիչ հող ունենք, էդ ենք մշակում, ամուսինս երկաթգծում է աշխատում, 100 հազար փող ա աշխատում, էս տարի էլ մարդ ու կնիկ թոշակի կանցնենք, ու չգիտեմ՝ ոնց կլինի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է դալարիկցի Զեմֆիրա Ավոյանը:


Այս համայնքի բնակիչ Մարգարիտա Մարտիրոսյանն էլ ասում է՝ ապրիլի 2-ին չի գնալու ընտրություն կատարելու, ոչ թե չի կողմնորոշվել, թե ում իր քվեն տա, այլ դժգոհում է. «Ոչ մեկին էլ չեմ վստահում, հանրապետականներին էլ՝ առավել եւս, սրանք իրանց ուզածն անում են, մարդկանց էլ իշու տեղ են դնում»: Տիկին Մարգարիտան ասում է՝ առողջական խնդիրներ ունի, փող չունի, որ բժշկի դիմի, դիմի էլ՝ դեղերի փող չունի. «Ընտանիքս պահելու համար օրավարձով դաշտում եմ աշխատում, շաքար ունեմ, ինսուլինը ընդունում եմ, ասեղները հետս դաշտ եմ գնում»:
Գյուղում մի քանի երեխաների հանդիպեցինք, խաղում էին ցեխերի մեջ, ջրափոսերում, փողոցները տեղ-տեղ էին ասֆալտապատ, այն էլ՝ քարուքանդ, փոքրիկների համար խաղահրապարակ չկա: Երեխաներին գյուղի միակ մանկապարտեզ, ըստ բնակիչների, 4 տարեկանից են ընդունում, այն էլ ոչ ամբողջ տարին, մանկապարտեզը սեզոնային է, ձմեռը չի գործում:

Երիտասարդության համար գյուղի կյանքը, ինչպես իրենք են ասում, մեռած է, օրերը գլորում են, մինչեւ խոպան գնալու սեզոնը բացվի՝ մեկնեն արտագնա աշխատանքի:
«Երիտասարդները որ գործ ունենան, համապատասխան վարձատրվեն, ինչի՞ պիտի գնան, բայց որ էդ ամենը չկա` ստիպված հելնում՝ գնում են, այ, 28-30 տարեկան տղերք կան, որ հնարավորություն չունեն իրենց սեփական ընտանիքը կազմեն, կին, երեխա ունենան»,- ասում է երիտասարդ գյուղացիներից մեկը:

Մեկ այլ երիտասարդ էլ` Գեւորգ Պողոսյանը, ասում է՝ սպասում է գործերը կարգավորվեն, որ ամուսնանա: Գեւորգի հայրն արտագնա աշխատանքի է մեկնում. «Մերս 50 հազար դրամով գիշեր-ցերեկ աշխատում էր Բաղրամյանի ալրաղացում, հեռացրել են: Ավելի լավ ա՝ գնամ դրսից փող ուղարկեմ, քան ստեղ մորս հետ տանջվենք, յոլա էլ չգնանք: Ջահել տղեք ենք, գործ չունենք, թող մեզ գործ առաջարկեն, պայմաններ տան, մնանք մեր հողի վրա աշխատենք, ոչ մեկիս էլ դուր չի գալիս, որ գնանք օտար հողի վրա աշխատենք: Էնտեղ պիտի հարկը մուծենք, ստեղ կմուծենք»:

Գեւորգը մտադիր է մեկնել արտերկիր, ասում է՝ դժվար էլ վերադառնա, հույս չունի, որ առաջիկա տարիներին գյուղում իրավիճակը կփոխվի, ապրելու ու աշխատելու մարդավայել պայմաններ կլինեն:

 

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

14,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031