Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակելի տունը աճուրդի ներկայացվելուց հետո սկսվեցին դատարանի եւ ԴԱՀԿ ծառայության ապօրինի գործողությունները

Մարտ 15,2017 16:30

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին եւ ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ Ա. Մկրտումյանին է դիմել Չարենցավանի բնակչուհին՝ Նաիրա Ասատրյանը:

Հարգելի Ա.Հովհաննիսյան եւ Ա. Մկրտումյան, էլ ուժ չունեմ պայքարելու, հայցում եմ Ձեր օգնությունը՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի եւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքի ապօրինություններին վերջ տալու համար:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԿԴ1/0521/02/12 քաղաքացիական գործով 18.12.2012թ. վճռել է Քնարիկ Հայրապետյանից հօգուտ ինձ բռնագանձել 8.000.000 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով գրավի առարկա հանդիսացող` Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 20 տան վրա: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի բաժանմունքի 20.03.2013թ.-ի որոշմամբ վերսկսվել է 05.11.2012թ.-ին ավարտված թիվ 07/01-2637/12 կատարողական վարույթը եւ թիվ Ո00221-87744/12 որոշմամբ արգելանք է դրվել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 20 տան վրա եւ այն ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Բնակելի տունը աճուրդի ներկայացվելուց հետո սկսվեց դատարանի եւ ԴԱՀԿ ծառայության ապօրինի գործողությունները, որոնք կարծում եմ, որ չեն կարող պատահականություն լինել: Նշված կառույցները մեկը մյուսին պաս տալով՝ 2013թ.-ից մինչ օրս չեն թույլատրում որպեսզի ավարտվի հարկադիր էկեկտրոնային աճուրդը: Պարտապան Քնարիկ Հայրապետյանի եւ նրա քույրերի` Համեստ Նավասարդյանի եւ Կարինե Հայրապետյանի կողմից հերթականությամբ 19.06.2013թ.-ից ներկայացվում են ակնհայտ անհիմն հայցեր՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 20 բանկելի տունը արգելանքից հանելու պահանջի մասին, որի հիմքով էլ ամեն անգամ կասեցվում է բնակելի տան հարկադիր էլեկտրոնային աճուրդը:

Քնարիկ Հայրապետյանը գույքն արգելանքից հանելու պահանջով դատարան է դիմել 19.06. 2013թ., այնուհետեւ 09.12. 2013թ. դատարան է դիմել նրա քույրը` Համեստ Նավասարդյանը: Դատարանի կողմից 17.07.2014թ. մերժվել է Համեստ Նավասարդյանի հայցը, սակայն դատական ակտերը վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններ բողոքարկվելու հետեւանքով առաջին ատյանի դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտել դատարան դիմելուց մեկ տարի ու կես հետո` 15.06.2015թ.: Դրանից հետո ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքի կողմից վերսկսվել է կասեցված հարկադիր էլեկտրոնային աճուրդը, սակայն այս անգամ 26.06.2015թ. դատարան է դիմել Քնարիկ Հայրապետյանի մյուս քույրը` Կարինե Հայրապետյանը: Դատարանի կողմից 08.01.2016թ. Կ.Հայրապետյանի հայցը եւս մերժվել է, սակայն դատական ակտերը վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններ բողոքարկվելու հետեւանքով առաջին ատյանի դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտել 29.11.2016թ.: Դրանից հետո կրկին վերսկսվել է կասեցված հարկադիր էլեկտրոնային աճուրդը, սակայն այս անգամ էլ 13.12.2016թ. գույքն արգելանքից հանելու պահանջով կրկին դատարան է դիմել Կ. Հայրապետյանը եւ կրկին հարկադիր էլեկտրոնային աճուրդը կասեցվել է: Ակնհայտ է, որ Ք.Հայրապետյանի եւ նրա քույրերի կողմից նման հերթականությամբ դատարան դիմելու նպատակը հարկադիր էլեկտրոնային աճուրդի կասեցումն է, որին կարծում եմ, որ իրենց ապօրինի գործողություններով աջակցում են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եւ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը գույքը արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննում է այն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում, մինչդեռ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԿԴ1/2452/ 02/16 քաղաքացիական գործով գույքն արգելանքից հանելու պահանջով հայցադիմումը վարույթ է ընդունել 13.12.2016թ., իսկ գործով հերթական դատական նիստը նշանակել է 30.03. 2017թ., այսինքն՝ դատարանը թույլ է տվել վերը հիշատակված նորմի ակնհայտ կոպիտ խախտում, ինչը, կարծում եմ, պատահականություն չի կարող լինել: Բացի այդ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը: Մինչդեռ տվյալ դեպքում գույքն արգելանքից հանելու պահանջով դատարան դիմած Կ.Հայրապետյանը ընդհանրապես կապ չունի Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի 6-րդ փողոցի թիվ 20 բանկելի տան հետ, նա չի հանդիսանում այդ գույքի սեփականատեր կամ օրինական տիրապետող, այսինքն՝ դատարանը վարույթ է ընդունել նման պահանջով դատարան դիմելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված հայցադիմումը եւ հնարավորություն է տվել Կ.Հայրապետյանին հարկադիր էլեկտրոնային աճուրդը կասեցնելու համար: ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքի ապօրինությունները եւս դրսեւորվել են օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ. ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածքային բաժանմունքի կողմից թիվ 00111867 կատարողական վարույթը վերսկսելու մասին որոշում է կայացրել 05.12.2016թ., արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում է կայացրել 16.12.2016թ., իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդի օր է նշանակել երեք ամիս անց` 01.03.2017թ, այն դեպքում, երբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարողը կատարողական գործողությունները պետք է իրականացնի կատարողական թերթն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով նախատեսված է դրա անհապաղ կատարում: Հասկանում եմ, որ այլեւս ոչինչ փոխել հնարավոր չէ, քանի որ արդեն կրկին կասեցվել է թիվ 00111867 կատարողական վարույթը, սակայն աղաչում եմ Ձեզ՝ միջոցներ ձեռնարկել ապօրինությունները կանխելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ հնարավորինս կարճ ժամկետներում գործի քննությունները իրականացնելու համար, քանի որ արդեն պարզ է, որ հայցվոր Կ. Հայրապետյանը ժամանակ շահելու համար ակնհայտ անհիմն հայցով կայացված դատական ակտերի դեմ ներկայացնելու է վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ:

 

ՆԱԻՐԱ ԱՍԱՏՐՅԱՆ
ք. Չարենցավան, 6-րդ թաղամաս, 21 շենք, 5-րդ բնակարան

 

«Առավոտ»

14,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031