Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանաբնակ ռուս ալտահարի անունը չկա հայաստանյան հայտագրերում

Մարտ 15,2017 15:00

Փոխարենը նա ակտիվ գործունեություն է ծավալում «դրսում»՝
ներգրավելով հայաստանցի երաժիշտներին

Ալտահար Մաքսիմ Նովիկովը (լուսանկարում) 3 տարի առաջ հայուհի տիկնոջ՝ նկարչուհի Մոնի Հովսեփյանի եւ որդու՝ Նիկիտայի հետ Լատվիայից մշտապես տեղափոխվեց Հայաստան՝ ապրելու եւ ստեղծագործելու: Այն ժամանակ միջազգային մրցույթների դափնեկիր երաժիշտն «Առավոտի» հետ զրույցում նշել էր, թե նպատակը որդուն հայկական կրթությամբ ու մեր մշակույթով դաստիարակելն է: Հիշեցնենք, որ Նովիկովը Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում եւ ասպիրանտուրայում ուսանելով հանրահայտ Յուրի Բաշմետի ղեկավարությամբ, հետագայում հրավիրվել էր Չինաստան՝ որպես տեղի սիմֆոնիկ նվագախմբի ալտահարների կոնցերտմայստեր, այնուհետեւ Լատվիայում հիմնել էր «Գարնանային երաժշտական ակադեմիան»:

Երեւանում ալտահարին սկզբնական շրջանում ավելի հաճախակի էինք հանդիպում նվագախմբերի, տարբեր կազմերի կամերային անսամբլների հետ համերգներում: Իսկ, օրինակ, 2016թ. ընթացքում նրա անունը կարծես անհետացավ տեղական հայտագրերից:
Այս առիթով մեզ հետ զրույցում Նովիկովն ասաց, որ հայաստանաբնակ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի հրավերով հանդիսանում է Բեյրութի Al Bustan փառատոնի տնօրենը: «Այս փառատոնի հիմնական նպատակը, որի գեղարվեստական ղեկավարը Ջանլուկան է, երիտասարդ երաժիշտներին ծանոթացնելն է նվագախմբային արվեստին:

եւ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի հետ: Ալտահարն ու Հովհաննես Մինասյանը:

Արդեն փառատոնն ունի իր նվագախումբը (տարբեր ազգերի 65 երաժիշտ), հիմնել ենք ակադեմիա, երաժիշտների հետ էլ անցկացնում ենք վարպետության դասեր, որոնք վարում են ճանաչված երաժիշտներ, այդ թվում՝ Հայաստանից՝ ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը, Իտալիայից՝ կոնտրաբասահար Էնրիկո Պագոնեն, ջութակահարներ Ֆեդերիկո Խոյոսը, Ջուլիո Պլոտինոն եւ այլն: Նվագախմբի հետ մեկամսյա պարապմունքներից հետո դասեր անցկացնելով միայն նվագախմբի լարային կազմի երաժիշտների հետ, առաջին անգամ անցկացրինք մրցույթ: Առաջին մրցանակ չշնորհեցինք, դիպլոմ ստացավ միայն Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի սան, ալտահար, 16-ամյա Հովհաննես Մինասյանը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետո էլ հավելեց. «Այս պահին Ջանլուկա Մարչիանոյի հետ Իտալիայի մշակույթի նախարարության առաջարկով ու աջակցությամբ Բեյրութի փառատոնի ու ակադեմիայի օրինակով աշխատում ենք նոր նախագծի վրա եւ այն կիրականացնենք հենց Իտալիայում, դիրիժորի ծննդավայրում՝ Լերիչի քաղաքում»:
Հետաքրքրությանը՝ նպատակ ունե՞ն Հայաստանում էլ նմանօրինակ նախագիծ իրականացնել, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Իհարկե՝ այո»:

Մաքսիմ Նովիկովը բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի (ձախից)

Ինչ վերաբերում է Մաքսիմ Նովիկովի սոլո գործունեությանը, ալտահարը հայտնեց, թե մայիսին ցանկություն ունի հրատարակել CD, որտեղ այլ կոմպոզիտորների թվում կընդգրկվեն հայ հեղինակների երկեր եւս՝ ոչ միայն սոլո, այլեւ դուետներ՝ կլարնետի, դաշնամուրի, երգեհոնի հետ: «Հազվադեպ կատարվող կամ անհայտ ստեղծագործություններ նույնպես կլինեն CD-ում, օրինակ՝ Արմինե Գրիգորյանի հետ՝ Արամ Խաչատրյանի Սյուիտը՝ ալտի եւ դաշնամուրի համար»,- առանձնացրեց երաժիշտը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ»

14,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել