Մարտ ամիսը խոստանում է գերհագեցած լինել Հայաստանի բռնցքամարտիկների համար: Մասնավորապես, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 18-ից մինչեւ 22 տարեկան յոթ բռնցքամարտիկներ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ ժամանել են Ռումինիա, որտեղ Բրիելա քաղաքում վաղը մեկնարկելու է այս տարիքային խմբի Եվրոպայի 2-րդ առաջնությունը: Մարզիչը մրցավայր տարել է 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանին, 56 կգ՝ Ալեն Դանիելյանին, 60 կգ՝ Հրայր Շահվերդյանին, 69 կգ՝ Գուրգեն Մադոյանին, 75 կգ՝ Արմեն Մինասյանին, 91 կգ՝ Նարեկ Մանասյանին եւ +91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյանին:
Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, թե բռնցքամարտիկների համար ստեղծված են եղել մարզումային բոլոր պայմանները եւ այս առաջնությունը նրանց համար մեծահասակների տարիքային խումբ տեղափոխվելուց առաջ իրենց հնարավորությունները ցուցադրելու եւ մրցափորձ կուտակելու լավ առիթ է:
Նույն օրերին Գերմանիայի Հալե քաղաքում կայանալու է «Chemistry cup 2017» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է մեր հանրապետության երեք ներկայացուցիչ, իսկ Անապայում կայանալու է Նիկոլայ Պավլյուկովի երիտասարդական հուշամրցաշարը Հայաստանի վեց մարզիկների՝ 52 կգ քաշային Արթուր Բազեյանի, 56 կգ Ժորժիկ Մարությանի, 60 կգ Արմեն Մաշակարյանի, 64 կգ Բենիկ Նիկողոսյանի, 69 կգ Տոնի Գալստյանի եւ գերծանր քաշային Արմեն Մնացականյանի մասնակցությամբ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
14,03.2017