Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը նվազման միտում ունի

Մարտ 15,2017 13:30
kin

2016թ.-ին ՀՀ-ում ամուսնալուծության 3.468 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0.6%-ով: Այս մասին փաստում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ոչ բոլոր ամուսնություններն են բարեհաջող ելք ունենում։ Դրանք հաճախ լուծվում են բաժանությամբ, որոնք ունեն բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներ։

Ամուսնալուծության վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն ունի Հայ առաքելական եկեղեցին, որի կանոնների համաձայն՝ ամուսնալուծություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսիններից մեկը դավաճանում է, մահանում, կամ տղամարդը՝ 7, իսկ կինը՝ 5 տարով անհայտ կորչում են։ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւորական տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքերով՝ բաժանության շեմին կանգնած ընտանիքները պետք է գիտակցեն, որ երկուստեք կա պատասխանատվություն, առավել եւս, եթե կան երեխաներ: «Տարածված մոտեցում է, երբ ամուսնալուծությունն արդարացնում են միմյանց չհասկանալով։ Սա ամենից անհասկանալի բացատրությունն է։ Իրականում միմյանց հասկանալու եւ համերաշխ ընտանիք կազմելու համար կարեւոր է ոչ թե նույնանման հայացքներ ունենալը, այլ տարբերություններով հանդերձ՝ բարոյական արժեքների ու սիրո մեջ մեկ լինելը»,- հավաստիացնում է քահանան։ Նրա պնդմամբ՝ ամուսնալուծության շեմին կանգնած ընտանիքները պետք է հիշեն պատասխանատվության մասին ու հասկանան, որ ընտանիքը եսասիրության դրսեւորման հարթակ չէ, այլ անձնազոհության, որից սերն ու փոխադարձ հասկացողությունը կդառնան իրական։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե տարիներ առաջ ամուսնալուծության հիմնական պատճառներն էին սոցիալական ծանր պայմանները, գործազրկությունն ու դավաճանությունը, ապա այսօր դրանց ավելացել են նաեւ վիրտուալ եւ ամուսնական գործակալությունների միջնորդությամբ ծանոթությունները։

1950թ. սեպտեմբերի 29-ին «Հանդիպումների եւ հասցեների բյուրո» ամուսնական գործակալությունների ստեղծումով Լոնդոնում հիմք դրվեց այլընտրանքային ծանոթություններին։ Շուտով այդ ալիքը տարածվեց նաեւ ողջ աշխարհում։ Այսօր Երեւանում գործողներից է «Երջանկության գաղտնիքը» ամուսնական գործակալությունը, որն արդեն 8 տարի է՝ շարունակում է իր ավանդն ունենալ ամուսնությունների հարցում։ Վերջինիս տնօրեն Իլոնա Բաղիշյանի խոսքերով՝ իրենք աշխատում են միայն հայերի համար՝ Skype-ի միջոցով կապ հաստատելով նաեւ սփյուռքում բնակվող հայրենակիցների հետ: «Մեզ դիմում են հիմնականում 30-45 տարեկան անձինք։ Կան նաեւ 22 տարեկան աղջիկներ ու 28 տարեկան տղաներ։ Դիմողներն այնքան շատ են, որ չենք հասցնում անգամ նրանց թիվը հաշվել։ Իսկ տարեկան 600-650 զույգ ենք ամուսնացնում»,- հայտնում է գործակալության տնօրենը։

Հոգեբան Սաթեն Գրիգորյանն ամուսնական գործակալությունների միջոցով ծանոթությունները պայմանավորում է այն հանգամանքով, որ մարդիկ չեն կարողանում կյանքում ծանոթություններ հաստատել, եւ կարծում են՝ գուցե այդպես կարողանան գտնել իրենց կողակցին։ Եվ այդ որոշումը հիմնականում լինում է այդ ոլորտում փորձ ունեցող ծանոթների խորհրդով: «Ամուսնական գործակալության դիմելիս ամուսնալուծության հավանականությունը չի բարձրանում, քանի որ փոխվում է միայն ծանոթության տեսակը, իսկ ընթացքը նույնն է մնում»,- պարզաբանում է Սաթեն Գրիգորյանը։
Հոգեբանի համոզմամբ՝ ամեն ինչ կախված է մարդկանց համատեղելիությունից, տեսակից, խառնվածքից, եւ պետք է քաջ գիտակցել, որ հարաբերություններում կարեւոր են նույնիսկ ամենաչնչին թվացող մանրուքները։ Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել ամեն ինչ՝ հետագայում համատեղելիության հետ կապված խնդիրներից խուսափելու եւ երջանիկ միություն կազմելու համար. «Հաճախ զույգերը արհեստական ծանրություն են տալիս այն խնդիրներին, որոնք շատ հեշտ լուծելի են իրականում, ուստի՝ պետք է հնարավորինս մեղմ վերաբերվել առաջացած խնդիրներին եւ լինել հանդուրժող՝ երբեք չմոռանալով, որ միությունը ողջ կյանքի համար է եւ ժամանակավոր բնույթ չի կրում»։ Իսկ ինչ վերաբերում է վիրտուալ շփման արդյունքում կառուցված ընտանիքներին, Սաթեն Գրիգորյանի հավաստիացմամբ՝ դրանք հետագայում միանշանակորեն չեն կարող ամուսնալուծության պատճառ լինել. «Վիրտուալ հարթակը կարող է ռիսկային լինել միայն այն ժամանակ, երբ զույգերը, իրական շփումը թողած, տարվում են ինտերնետային շփմամբ եւ չեն կարողանում միմյանց ավելի լավ ճանաչել»։

Ըստ նրա՝ պատճառն այն է, որ համացանցում մարդիկ ներկայանում են այն կողմով, որն ի ցույց դնելու ցանկություն են ունենում, եւ բոլոր «մութ» կողմերն այդպես էլ մնում են չբացահայտված. «Կարեւոր է իրականում ճանաչել մարդուն, տեսնել ժեստերը, դիմախաղը, հասկանալ՝ այդ մարդը քեզ ինչպիսի՞ էներգիա է փոխանցում։ Այս ամենը հնարավորինս կօգնի խուսափել կեղծ հարաբերություններից»։

Ի վերջո, փաստերը վկայում են, որ Հայաստանում ամուսնալուծությունների թիվը նվազել է։ Դրան համընթաց նվազել է նաեւ ամուսնությունների թիվը. 2016թ. ամուսնությունների 16.294 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 7.4%-ով։ Ուստի՝ եթե 2016թ.-ին յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով մեկ ամուսնալուծություն է ստացվել, ապա նույն տարում 1000 բնակչի հաշվով 5 ամուսնություն է գրանցվել։ Ըստ այդմ կարելի է փաստել, որ ամուսնությունները հինգ անգամ գերազանցում են բաժանությունների թվին, եւ ամուսնալուծությունների քանակի կրճատման միտումը նկատելի է։ Հետեւաբար, հաշվի առնելով առկա վիճակագրությունն ու ամուսնական գործակալությունների՝ ընտանիք կազմելու հաջողված փորձերը, կարելի է նաեւ փաստել, որ գործազրկության, սոցիալական ծանր պայմանների, դավաճանության, վիրտուալ ծանոթությունների ու ամուսնական գործակալությունների ազդեցությունն ամուսնալուծությունների վրա կարող է ունենալ զուտ սուբյեկտիվ դրսեւորումներ՝ կապված մարդու արժեհամակարգի ու աշխարհընկալման հետ։

 

ՇՈՂԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

14,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031