Նոր Սահմանադրությամբ կառավարման պառլամենտական համակարգին անցած Հայաստանն ապրիլի 2-ին առաջին անգամ ընտրելու է աննախադեպ լայն լիազորություններով օժտված խորհրդարան:
Ընտրությունների միջոցով Հայաստանի հասարակությունն իրականացնելու է իշխանություն ձեւավորելու իր իրավունքը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածով. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Ընտրելու եւ ընտրվելու իր իրավունքի իրացման ընթացքում տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը հանդիպել է տարբեր խոչընդոտների: «Առավոտը», նպատակ ունենալով խրախուսել մեր քաղաքացիներին` առավել իրազեկ, նպատակային, հիմնավոր կերպով օգտվել ընտրելու իրենց իրավունքից, հայտարարում է լուսանկարների եւ տեսագրությունների ամենշաբաթյա մրցույթ` «Մարդու իրավունքները եւ ընտրությունները» թեմայով: Դուք կարող եք ուղարկել այս թեմային առնչվող ձեր լուսանկարները կամ տեսագրությունները «Առավոտի» հասցեով` [email protected] նշումով` «Լուսանկարչական մրցույթի համար»: Դրանք կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում, եւ շաբաթվա կտրվածքով ամենաշատ հավանությունը ստացած լուսանկարը կամ տեսանյութը կստանա դրամական մրցանակ 10 հազար դրամի չափով: Լավագույն լուսանկարները կհրապարակվեն «Առավոտ» թերթում եւ Aravot.am կայքում: