Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան:
Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերով և լաբորատորիաներով, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել սպառողին առաջարկվող ապրանքատեսականուն, սանիտարահիգիենիկ համակարգին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: Վարչապետին ներկայացվել է, որ սննդի անվտանգության և որակի վերահսկողության ապահովման նպատակով արտադրամասերը, ինչպես նաև անասնաբուժական, մանրէաբանական, ֆիզիկաքիմիական լաբորատորիաները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Նշվել է, որ «Նատֆուդ» ՓԲԸ-ն ունի FSSC 22000 սննդի անվտանգության որակի կառավարման համակարգին համապատասխանության վկայական, ինչով և առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Արտադրական հզորության ծավալը կազմում է օրական մինչև 40 տոննա, արտադրատեսականին՝ շուրջ 160, աշխատատեղերի թիվը՝ 180: Առաջիկայում ընկերությունը շուկային ներկայանալու է նոր ապրանքանիշով:
Կարեն Կարապետյանը, ողջունելով ձեռնարկության գործունեությունը, կարևորել է որակի վերահսկողության շարունակական բարձրացմանը և ծրագրերի ընդլայնմանն ուղղված քայլերը:
ՀՀ կառավարություն