«Մենք չենք ասելու, որ միակ քաղաքական ուժն ենք, որ աշխատավարձ ենք բարձրացնելու, թոշակներն ենք բարձրացնելու: Պոպուլիստական բաներ չենք ասելու: Ընդամենն ասելու ենք` ծրագիր ունենք»,-այսօր Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տանը, նախընտրական քարոզչության ժամանակ ՀՀԿ-ի քարոզարշավին եկած քաղաքացիներին այսպես դիմեց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը եւ խոսեց արդարադատության համակարգի բարեփոխումներից:
Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է`իրենք շատ լավ ախտորոշել են բոլոր օբյեկտիվ դժգոհությունները եւ առաջ են գնալու: Արփինե Հովհաննիսյանին մի բան, սակայն, զարմացրել է. «ՀՀ քաղաքական մի շարք ուժեր առաջարկում են ծրագրեր, որոնք մենք արդեն իրականացրել ենք»: Օրինակ, պրոբացիայի ծառայության ներդնումը։
«Մենք ապրում ենք եւ կապրենք անվտանգ երկրում»,- իր հերթին հավաստիացրեց Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը։ Նա կարծում է, որ շատերը փորձում են սեւացնել ՀՀԿ-ի իրականացրած աշխատանքները.
«Բայց մեր թիմն իր մեջ ուժ է գտել՝ մեր երկրի առաջխաղացման համար։ Մենք այս երկիրը կկառուցենք մեր ակտիվությամբ, միմյանց հավատալով։ Ես կխնդրեի ընտրել այն ուժին, որը փորձ ունի, որը խնդիրներին կարող է լուծում տալ։ Մենք կապրենք եւ մենք ապրում ենք անվտանգ երկրում։ Դա պետք է շարունակական լինի։ Դրա համար անհրաժեշտ է մեր հասարակության ճիշտ կողմնորոշումը»: Տարոն Մարգարյանն ասում է`ՀՀԿ-ի իշխանության տարիները բավարար չէին իրականացնելու ժողովրդի սպասելիքները, ուստի, ժողովրդից ժամանակ եւ քվե խնդրեց: Նաեւ հայտարարեց. «Մենք պարզ ճակատով ենք եկել`թե մեր թերությունների, թե կատարած աշխատանքների համար»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ