Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան հակամարտության լուծումն Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է. Վիգեն Սարգսյանի հարցազրույցը՝ RT-ին. (Տեսանյութ)

Մարտ 14,2017 21:11

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել Russia Today ռուսական միջազգային հեռուստաալիքին՝ անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության ոլորտում առկա խնդիրներին, այդ թվում արցախյան հակամարտության կարգավորմանը:

Խոսելով Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքների մասին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ բոլորին հայտնի է այն, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորը: Նա ընդգծել է, որ ամեն օր ոչ միայն Արցախի և Ադրբեջանի զորքերի հակամարտ շփման գծում, այլ նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի վրա տեղի են ունենում սադրանքներ:

«Բայց եթե խոսենք ավելի գլոբալ, ես պարզապես վստահ եմ, որ Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը ժողովրդավարական բարեփոխումների լիարժեք իրականացումն է, որովհետև կառավարման համակարգը, որը հիմնված է քաղաքացիական հասարակության ներգրավվածության բաց մեխանիզմների, բոլոր ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա, անկասկած, երկրի անվտանգության ամենակարևոր երաշխիքներից է»,-ընդգծել է Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է մի շարք երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, նախևառաջ ՀԱՊԿ-ի շրջանակում, ինչպես նաև համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ մասնակցելով խաղարարական գործողությունների:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ արցախյան հակամարտության լուծումը գտնելու համար հարկավոր է լիովին հասկանալ հարցի բնույթը: «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է՝ պետության ճանաչման միջոցով: Չնայած ճանաչված չլինելուն՝ Ղարաբաղը կարողացել է ապացուցել, որ անգամ այդ պայմաններում հնարավոր է կառուցել անվտանգության, դատական իշխանության համակարգեր և երկրի կառավարման ժողովրդավարական ինստիտուտներ: Եվ ես կարծում եմ, որ առանց այդ իրողությունները լիարժեք հաշվի առնելու՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը պարզապես անհնար է »,-շեշտել է ՀՀ ՊՆ նախարարը:

Անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, մասնավորապես, սիրիական հակամարտությանը, արմատական իսլամիզմի տարածման՝ Վիգեն Սարգսյանն ասել է, որ այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ այն ավանդաբար եղել է տուն հայկական մեծ սփյուռքի համար: Նա փաստել է, որ Հայաստանն ունի բավականաչափ խորը և պատմական հարաբերություններ իսլամական աշխարհի, այդ թվում՝ Իրանի հետ, ինչպես նաև  սերտ փոխգործակցություն արաբական աշխարհի շատ երկրների հետ:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, չի կարող չանհանգստացնել յուրաքանչյուր հայի: Գիտեք, որ մինչ այժմ Հալեպում գոյություն ունի ամենախոշոր հայկական սփյուռքից մեկը, Հայաստանը միակ երկիրն է, որ մինչ այժմ շարունակում է Հալեպում իր հյուպատոսության աշխատանքը: Եվ չնայած բոլոր դժվարություններին՝ մենք Ռուսաստանի հետ իրականացնում ենք Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման հետ կապված մի շարք նախագծեր, և դա մեր պարտքն ենք համարում:

Բնականաբար, մեր օրերում տարածաշրջանի ընկալումը շատ է փոխվել, որովհետև եթե հարցնեք մարդկանց Հայաստանում, կարծում եմ նաև Վրաստանում ու Ադրբեջանում՝ ի՞նչ է տարածաշրջանը, հավանաբար նրանք կնշեն հենց այդ երեք երկրները, որովհետև հենց հետխորհրդային ընկալման մեջ տարածաշրջանն Անդրկովկասյան կամ ինչպես այն այժմ անվանում են՝ Հարավկովկասյան տարածաշրջանն է: Բայց իրականությունն այն է, որ Մերձավոր Արևելքը գտնվում է այստեղից մեկուկես-երկու ժամվա թռիչքի հեռավորության վրա: Եվ բնականաբար ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող ուղղակիորեն չազդել մեր տարածաշրջանի անվտանգության համակարգի վրա»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

https://www.youtube.com/watch?v=5aO92q7_h3g

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031