«Եթե Ջրառատում տեղի է ունեցել հանցագործություն, պետք է պատժվի, անպայման իրավապահների արձագանք պետք է լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով Ջրառատ գյուղում նախընտրական զարգացումներին, որոնք ուղեկցվեցին կրակոցներով եւ վիրավորներով:
Հարցին՝ վստա՞հ եք, որ հավասարաչափ քննություն կլինի, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ինձանից լավ գիտեք, որ ես այն անձը չեմ, որը կարող է նման բան երաշխավորել։ Բայց որպես ՀՀԿ ներկայացուցիչ, կարող եմ երաշխավորել, որ բազմակողմանի, լրիվ, պատշաճ քննություն տեղի կունենա։ Այս ամենը պետք է խստորեն պատժվի եւ ամենախիստ ձեւով արձագանք պետք է լինի»։
Aravot.am-ի հարցին`ՀՀ եւ ՀՀԿ նախագահը հորդորել էր անբիծ ընտրություններ անցկացնել, ինչո՞ւ չեն ենթարկվում նախագահի հորդորին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ լրագրողները փորձում են մի փոքր այլ կերպ ներկայացնել ամեն ինչ, բայց հավաստիացրեց. «Եթե կան մարդիկ, որոնք տարբեր պատճառներով, սեփական ամբիցիաների, սխալ պահվածքի, ոչ ադեկվատ ընկալման, նման այլ պատճառներով վարքագիծ են դրսեւորում, այլ կարծիք չի կարող լինել»:
Նա հավելեց` ի պաշտոնե չի կարող դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունների տիրապետել, բայց վստահ է` իրավապահները պետք է քննություն իրականացնեն եւ պատշաճ արձագանք տան։
Կարդացեք նաև
Հարցին`ի՞նչ է սպասվում Լեռնիկ Երանոսյանին, որն, ըստ հրապարակումների՝ կրակոցներ արձակողն է, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Անկախ նրանից, թե ով է իրականացրել, ովքեր են միջադեպի կիզակետում գտնվողները, արձագանքը պետք է լինի միեւնույնը։ Վերաբերմունքը պիտի լինի նույնը եւ խիստ։ Անձնավորված տարբերակում չկա, տարբերություն չկա, թե ովքեր են»։
Մանրամասները`տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ