Շիրակցի ՀՅԴ-ականներից մի քանիսը սկսել են յուրատեսակ քարոզարշավ թուրքական ապրանքների դեմ․ նրանք տարբեր գյուղերի բնակիչների հետ հանդիպելիս՝ չեն մոռանում հիշեցնել, որ պիտի վերջ տալ անհայտ ծագմամբ, թուրքական ապրանքների սպառմանը ու գնել հայկականը։ ՀՅԴ-ի պատրաստած բուկլետներում «Պատասխանատու պետություն-համերաշխ հասարակություն» էջում նման դրույթ կա գրված․ «Հայրենական արտադրողները պետք է զգան պետության աջակցությունն ու հովանավորությունը։ Թուրքիայում արտադրված ու անհասկանալի որակով միրգն ու բանջարեղենը չպետք է հայ գյուղացու սննկացման պատճառ դառնան»։
Շիրակի մարզի Թավշուտ գյուղի նախկին գյուղապետ, ՀՅԴ վարկանիշային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ իր ընտանիքը վաղուց հրաժարվել է թուրքական ապրանքներ գնելուց։ Ըստ նրա, յուրաքանչյուրն իր մասով պիտի օգնի հայ արտադրողին, և սա չպետք է ասել միայն խոսքերով, այլ պիտի ապացուցել գործով։ Նա մեզ հետ զրույցում նեղսրտեց, թե հենց խանութ ես մտնում, մի բան հարցնում ես, անմիջապես առաջարկում են թուրքականը, բացի այդ սննդամթերքի խանութներում հայկական քաղցրավենիքը տեղադրում են անկյունում՝ չերևացող հատվածներում։
«Մի վատ բան եմ նկատել, ենթադրենք շինանյութ ես գնում, հարց ես տալիս աշխատողներին, շատ եմ փորձել, դուք էլ կարող եք փորձել, հարցրեք՝ ո՞ր նյութն է լավը, անմիջապես առաջարկում են թուրքականը։ Հարցնում ես՝ մեր հայրենական արտադրությանը վա՞տն է, ասում են՝ չէ, էն էլ լավն է։ Էդ դեպքում մերն առաջարկեք առաջինը, ոչ թե օտարինն ենք առաջարկում, եթե օտարինը առաջարկեն, ես դեմ չեմ լինի այդքան, բայց քո թշնամու արտադրանքն են առաջարկում։ Չեմ կարող սա ընդունել, բարի եղեք՝ օգնեք ձեր արտադրողներին»։
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ հագուստ ինչպե՞ս եք գնում, հայկական շուկան լցված է թուրքականով, Սուրեն Սարգսյանն ասաց․ «Դժվար է գտնել, բայց գտնում եմ, իհարկե, միայն հայկական արտադրության չեմ հագնում, չլինի թուրքական, մնացած երկրների արտադրանք հագնում եմ։ Եթե ամեն ոլորտ վերցնես՝ սկսած բանջարեղենի, կաթնամթերքի արտադրությունից մինչև հագուստ, մեր արտադրանքը լավն է։ Ես հայտարարել եմ ու հայտարարում եմ՝ թուրքը թշնամի է այնքան ժամանակ, քանի դեռ իրեն էսպես է պահում, միգուցե լինեն իրենց սերունդներից, որոնք քավեն իրենց պապերի մեղքերը, գուցե ինչ-որ բան փոխվի, բայց մինչև էսօր թուրքը ցույց է տալիս, որ ինքը եղել է ու կա այսպիսին։ Մեր գյուղի ողջ ժողովուրդն է այդպես մտածում, բոլորի հայացքները դեպի ԷՐԳԻՐ են, երեխային չես դաստիարակում, ինչ որ տեսավ իր պապից, հենց այդպես դաստիարակվում է։ Մեր պապերի պատգամն է՝ հետ գնալ ԷՐԳԻՐ ու չենք կարող նրանց նպատակը չիրագործել, նրանց նպատակը մեծ հարստությունը չէ, այլ ԷՐԳԻՐ վերադառնալը, իրենց տունը, իրենց հայրենիքը, իրենց գերեզմանին, մեր արմատներին տեր կանգնելն է։ Մեզ բոլորիս մոտ ահավոր կարոտ կա դեպի Արևմտյան Հայաստան, նույնիսկ չեմ ցանկանա, որ նման կարոտ մեր թշնամին ունենա։ Դուք գիտեք, որ մեր գյուղի բնակիչները գաղթել են Մշո Բագրեվանի Քառասունաղբյուր գյուղից, մի ազգություն կա Թեղուտ գյուղից է եկել, եկել են Խաստուրից, Վանից, Զետկանից, մեր գյուղը հիմնադրվել է Ցեղասպանության արդյունքում գաղթական ժողովրդի կողմից, աշխատել են մոտ տեղ գնալ, որպեսզի ճամփա բացվի ու վերադառնան տուն։ Համոզված եմ, վերադառնալու ենք․․․»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ՀՅԴ-ականների լուսանկարը՝ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:
Իաաաաաաա,լուրջ?էլի Հովսեփի հերթական դեմսգոգիան է։թող սկսեն իրենցից։լուսանկաում պատկերված պարոնների հագը էժանագին թուրքական շորեր են։ամոթ է այսպիսի կոչերով հանդես գալ Հովսեփ…շբա հարազատ քույրիկտ ինչով է զբաղվելու?գոնե քրոջդ թուրքական ուղղությունը փոխեիր նոր այսպիսի կոչերով հանդես գայիր։