Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի կինը` Շողիկ Ալեքսանյանը վարձակալությամբ տարածքներ հանձնելու առումով գերիշխող է

Մարտ 14,2017 17:03

Պետական եկամուտների կոմիտեն, պետգույքի կառավարման վարչությունը տարածքների վարձակալության պայմանագրեր հիմնականում կնքել է «Հայնախարտշին» ընկերության հետ, որն այս առումով գերիշխող դիրք է զբաղեցնում: Վարձով տարածքներ տրամադրելու առումով «Հայնախարտշին»-ից հետ չի մնում Սամվել Ալեքսանյանի կինը` Շողիկ Ալեքսանյանը, որը վարձակալության պայմանագրեր է կնքել ֆիննախի հետ: Այս մասին այսօր Մեդիա կենտրոնում հայտնեց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը: Նա ներկայացրեց հանրային գնումների համակարգի 2016-2017 թթ. մոնիտորինգը:

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Ըստ Վարուժան Հոկտանյանի, մեկ անձից գնումներով առաջատարները երեք գերատեսչություններ են:

Նշյալ թվականին ավիատոմսի գնման 543 պայմանագիր է կնքվել մեկ անձի հետ` 388 միլիոն դրամ արժողությամբ: Այդ պայմանագրերի 39 տոկոսը ՊՆ-ն է գնել, 20 տոկոսը` արտգործնախարարությունը, 9 տոկոսն էլ` ոստիկանությունը:

Կապի ծառայությունների մասով առաջատարը «ԱրմենՏել»-ն է: Այս
ընկերությունը ֆիքսված հեռախոսակապի շնորհիվ է, որ մյուս օպերատորների նկատմամբ առավելություն ունի:

Շինարարության համար կնքված պայմանագրերն ուսումնասիրելիս էլ Վարուժան Հոկտանյանը պարզել է, որ այս ոլորտում գերատեսչություններն ունեն, այսպես ասած, իրենց «մեկ անձինք, որոնց հետ մշտապես գնումների պայմանագրեր են կնքում:
Ֆիննախն օրինակ` նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի օրոք, երբ դեռեւս շարունակվում էր Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարությունը  1 միլիարդ 24 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Սահակյան շին» ընկերության հետ: «Երեւան շին» ՍՊԸ-ն էլ մշտապես տարածքային կառավարման նախարարության հետ է աշխատել` ունենալով 877 միլիոն դրամի գնման պատվեր: Արդարադատության նախարարությունը «Գոհարիկ» ՍՊԸ-ի հետ է հաճախակի պայմանագիր կնքել` 198 միլիոն դրամի արժողությամբ:

Թե ինչո՞ւ են կոնկրետ այդ ընկերությունների հետ կնքում, կա՞ շահերի բախում, Վարուժան Հոկտանյանն ասաց, որպեսզի այդ ամենը վեր հանեն պիտի նայեն գնումների այն փուլերը, որոնք նայելու համար պիտի ունենան ոլորտային մասնագետներ, օրինակ` որքանով է այդ պայմանագիրը կատարվել, որքանով է դա որակյալ եղել: Շինարարության դեպքում դրա մասնագետն է պետք:

Ըստ պարոն Հոկտանյանի իրական սեփականատերերի խնդիրն էլ է առաջանում` արդյոք այդ ընկերությունները կապված են նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ այլն:

Վարուժան Հոկտանյանի տվյալներով, 2015-ի համեմատությամբ, հրապարակված պայմանագրերի թիվը կրճատվել է, ինչը լավ բանի մասին չի խոսում. եթե 2015-ին 164 պայմանագիր է հրապարակվել, ապա ներկայումս` 73:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031