Կ.Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ մարտի 15-ին կայանալիք տեղապահի ընտրություններից իր թեկնածությունը հանելու է: Նա կոչ է արել ընտրությանը մասնակցող հոգևորականներին իրենց ձայնը տալ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:
«Ակոսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի հետ հարցազրույցում Մաշալյանը բացատրել է որոշումը՝ նշելով որ իր հրաժարականի դիմումում հնչեցրած կոշտ գնահատականները հնարավոր է որոշ հոգևորականներին բարկացրած լինեն: Ըստ Մաշալյանի՝ այդ հանգամանքը կարող էր ազդել քվեարկության վրա՝ Արամ Աթեշյանին հնարավորություն տալով տեղապահ ընտրվել:
«Այդ պատճառով ասում եմ, որ տեղապահի ընտրություններում ինձ չընտրեն, այլ ինձ ընտրել ցանկացողները թող իրենց ձայները Գարեգին Բեքչյանին տան: Ժողովրդի մասին թող մտածեն: Մի քիչ էլ թող իրենց պատիվը փրկեն»:
Հաշվի առնելով անցյալի դառը փորձը՝ Մաշալյանը կասկածում է, որ Արամ Աթեշյանի տեղապահ ընտրվելու դեպքում պատրիարքի մյուս թեկնածուների համար քարոզչության հավասար պայմաններ կստեղծվեն: Ուստի, Գարեգին սրբազանը այդ պաշտոնում ավելի արդար, անկողմնակալ թեկնածու է դիտվում:
Մաշալյանը նշել է, որ տեղապահի թեկնածությունը հանելու մասին կհայտարարի մարտի 15-ին կայանալիք կրոնական ժողովում, որի ընթացքում էլ պետք է ընտրվի տեղապահը:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում