The Huffington Post պարբերականը հոդված է հրապարակել՝ նվիրված հայ հայտնի երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանին:
Պարբերականը մանրամասն ներկայացնում է Համասյանի կյանքը՝ գրելով, որ նա ծնվել է Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում: Տղան երաժշտության հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել 2 տարեկանից, նրա ամենասիրելի խաղալիքներն են եղել ձայնարկիչը, երաժշտական գործիքները: Արդեն 3 տարեկանում Համասյանը կարողանում էր կատարել այնպիսի լուրջ խմբերի երգեր, ինչպիսիք են՝ Led Zeppelin, The Beatles, Queen:
«Տիգրանը ժամանակակից ամենատաղանդավոր արտիստներից է, որը դեռևս բավականաչափ ուշադրության չի արժանացել համաշխարհային ջազային հանրության կողմից. նրանք անգամ չեն հասկանում՝ ինչ են բաց թողել: 30-ամյա վիրտուոզը խելահեղ էներգետիկա ունի, դրան գումարեք հայկական ֆոլք-երաժշտության օգտագործումը և կստանաք շքեղ երաժշտություն: Մարտի վերջին երաժիշտը կթողարկի իր երկրորդ սոլո-ալբոմը՝ An Ancient Observer, որը խորհուրդ ենք տալիս լսել»,-գրում է պարբերականը:
Լոս Անջելեսում, Նյու Յորքում բնակվելուց հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք՝ Հայաստան, որպեսզի նրա գեղեցկությունը և մշակույթը ոգեշնչեն իր երաժշտությունը:
«Երբ դուրս եմ նայում պատուհանից եւ տեսնում են Արարատը, որի ուրվագիծը խառնվում է կադրում հայտնվող էլեկտրական լարերին, արբանյակային ալեհավաքներին, մոտակայքով թռչող օդանավերին, հասկանում եմ, որ դա երկխոսություն է Աստծո ստեղծած բնության եւ ժամանակակից աշխարհի միջև»,- ասել է Համասյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ