Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետը հանձնարարել է ուսումնասիրություններ և քայլեր կատարել արևային էներգետիկայի զարգացման ուղղությամբ

Մարտ 14,2017 15:59

Մարտի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը, որը վարել է ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ֆինանսներ և էկոնոմիկա

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է մտցրել ԱՀ կառավարության 2004 թվականի մայիսի 26-ի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» N 201 որոշման մեջ: Ներկայացնելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ ԱՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այն պայմանավորված է հաշվապահների որակավորման ոլորտը կարգավորող իրավական դաշտի պարզեցման և հստակեցման անհրաժեշտությամբ: «Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից շնորհված որակավորում ունեցող անձանց որակավորման վկայականներ տրամադրել առանց քննության, կրճատել որակավորման հանձնաժողովի առանձին գործառույթների կատարման ժամկետները, նախատեսել որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի` էլեկտրոնային եղանակով ներկայացման հնարավորություն, հաստատել ներկայացվող դիմումների օրինակելի ձևերը, ինչպես նաև կատարել խմբագրական բնույթի որոշակի փոփոխություններ»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

 

Կառավարությունը հավանություն է տվել ԱՀ տնտեսական զարգացմանն ուղղված՝ 2017թ.-ի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագրին: ԱՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանի հիմնավորմամբ՝ իր ղեկավարած գերատեսչությունը տնտեսական զարգացմանն ուղղված սույն ծրագրով 17 միլիոն դրամի շրջանակներում կիրականացնի մի  շարք միջոցառումներ: «Ծրագիրը նպատակաուղղված է Արցախի տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացման խթանմանը, արտահանելի հատվածի ընդլայնմանը, մասնավորապես՝ արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացման նպաստմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, շրջաններում տնտեսական և ներդրումային ակտիվության բարձրացմանը»,- նշել է ԱՀ էկոնոմիկայի նախարարը:

Նիստում հաստատվել է ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման, ինչպես նաև ԼՂՀ 2017թ.-ի զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրերը և դրանց իրականացման միջոցառումների ցանկերը: Որոշմամբ նաև ստեղծվել է «Տյաք» պետական պատմամշակութային արգելոց և հաստատվել է դրա կանոնադրությունը: Հաստատվել է նաև ԼՂՀ Շուշիի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը և ուժը կորցրած է ճանաչվել ԱՀ կառավարության 1998թ.-ի սեպտեմբերի 15-ի N 185 որոշումը:

Ներկայացված հարցերի շարքում նիստում հավանության են արժանացել ԱՀ 2017թ.-ի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը ու ցանկը:

Կառավարությունն ընդունել է նաև փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ ԱՀ էկոնոմիկայի նախարարության նախագիծը: Որոշմամբ առաջարկվել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովին փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանել 30 ՄՎտ-ը:

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտի հնարավորություններին՝ վարչապետը կարևորել է հիդրոէներգետիկայի ներուժի արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև շեշտադրել արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:

«Մենք որևէ ուսումնասիրություն չունենք արևային էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունների վերաբերյալ: Պետք է այդ ուղղությամբ քայլեր կատարենք, ինչի համար արդյունավետ կլինի նաև խորհրդակցել Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ու մասնագետների հետ: Այժմ պետք է արևային էլեկտրակայանների կառուցման համար հարմար տարածքների հետազոտություններ կատարենք, մանավանդ որ արդեն ներդրող կա, ով պատրաստ է կառուցել առաջին արևային կայանը: Բացի դրանից, պետք է արևային մարտկոցներ տեղադրել բոլոր նոր կառուցվող բնակարաններում՝ տաք ջրի մատակարարման համար: Դրա շնորհիվ քաղաքացիները և՛ միջոցներ կտնտեսեն, և՛ փորձ ձեռք կբերեն: Այսինքն, մենք պետք է գիտակցենք արևային էներգետիկայի հեռանկարայնությունը և այսօրվանից զարգացնենք այդ ոլորտը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Նիստում քննարկվել է ԱՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման նոր կարգն, ըստ որի՝ փոխադրավարձի վճարումը հավաստող փաստաթղթի մեջ պետք է ներառվեն հետևյալ պարտադիր պայմանները. փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, փոխադրողի անվանումը կամ անուն, ազգանունը, փաստաթղթի տրամադրման ամսաթիվը, փոխադրման ամսաթիվը, սակաչափիչի ցուցմունքը և փոխադրավարձը և փաստաթուղթը տրամադրող անձի անուն, ազգանուն և ստորագրությունը: Տեղի ունեցած քննարկման արդյունքում նախագիծն ուղարկվել է լրացուցիչ մշակման:

Գործադիրը հաստատել է ԼՂՀ կենդանական աշխարհի պահպանության ու վերարտադրության, ինչպես նաև ԼՂՀ ընդերքի ուսումնասիրության միջոցառումների 2017 թվականի ծրագրերը:

Ա. Հարությունյանը դժգոհություն է հայտնել տեղական շինանյութերի օգտագործման ծավալներից: Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Կան քար մշակող բազմաթիվ մանր արտադրություններ, որոնք իրացման խնդիր ունեն: Մյուս կողմից, շինարարները տեղական շինանյութից չօգտվելը պայմանավորում են իբր ծավալների քչությունից: Պետք է վերահսկողություն սահմանել, որպեսզի շինարարությունում հնարավորինս կիրառենք տեղական շինանյութեր, ինչը թե՛ խթանում է տնտեսության զարգացումը, թե՛ ապահովում է բարձր որակ»:

Գյուղատնտեսություն

Գործադիրի նիստում հաստատվել են ԱՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերն ու միջոցառումները: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ձկնորսության արտադրանքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգը:

Վարչապետը հանձնարարել է գյուղնախարարին ոռոգման ջրախնայողական համակարգերի կիրառման վերաբերյալ այգեգործների համար դասընթացներ կազմակերպել, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն օգտվել այդ համակարգերից:

Առողջապահություն

Կառավարությունը քննարկել է առողջապահության նախարարության առաջարկը՝ ԱՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 556 որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ: Այն, մասնավորապես, վերաբերում էր զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձանց, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել: Ըստ առաջարկի՝ նրանք կարող են ստանալ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում: Քննարկումից հետո նիստում որոշվել է նախագիծն ուղարկել լրացուցիչ մշակման:

Կրթություն, գիտություն, սպորտ և մշակույթ

Գործադիր մարմինը հաստատել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության 2017թ. կենտրոնացված միջոցառումների իրականացման ծրագիրը: Կրթական, գիտական, երեխաների ամառային հանգստի և մարզական ֆեդերացիաներին վերաբերող ծրագրերի իրականացմանն ուղղվելու է, ընդհանուր առմամբ, շուրջ 253 մլն դրամ:

Վարչապետ Հարությունյանը հանձնարարել է կրթության, գիտության և սպորտի նախարարին ավելի մեծ ուշադրություն դարձնել սպորտի օլիմպիական ձևերին, կարիքի դեպքում մասնագետներ հրավիրել և ավելացնել դրանց զարգացմանն ուղղվող ֆինանսական միջոցները:

Կառավարությունը հաստատել է նաև 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագիրը: Այն նախատեսում է պետական բյուջեից հատկացնել 138 մլն դրամ, որից 102 մլն-ը՝ մշակութային, իսկ 36 մլն դրամը՝ երիտասարդական միջոցառումների համար: Կիրականացվեն ինչպես արդեն ավանդական դարձած հանրապետական և միջազգային ծրագրեր ու միջոցառումներ, այնպես էլ նոր նախագծեր:

Պաշտպանություն

Կառավարությունը հաստատել է զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծը: Ներկայացնելով նախագծի առանձին դրույթներ՝ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը նշել է, որ կանոնադրության նպատակն է սահմանել այդ մարմինների իրավունքներն ու պարտականությունները, ենթակայությունը, խնդիրները և դրանց լուծման հիմնական ուղղությունները:

Գործադիրը հավանություն է տվել ««ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին, որոնք առաջիկայում կուղարկվեն Խորհրդարանի քննարկմանը:

Կառավարության ղեկավարը նիստի վերջում հանձնարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաշվառել հանրապետությունում առկա հինգ երեխատեր ընտանիքներին և աստիճանաբար սկսել նրանց բնակարաններով ապահովելու ծրագիրը՝ սկզբնական փուլում բավարարելով սոցիալապես խոցելի խմբերին պատկանող ընտանիքների հայտերը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031