Մինչ հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում անընդմեջ ցուցապաստառներ են ճղում, վնասում, այս թեմայով ոստիկանությունը պարապ չի մնում, ինտրիգային քաղաքի անուն հանած Գյումրիում քարոզարշավից 8-9 օր անց նոր-նոր առաջին ցուցապաստառներ են հայտնվում։
Քարոզարշավի առաջին օրերին մեկ-երկու ցուցապաստառ հայտնվել էր «Ծառուկյան դաշինքից», երեկվանից մյուս քաղաքական ուժերը՝ ՀՀԿ-ն, ՕՐՕ-ն ևս սկսեցին փակցնել իրենց ցուցապաստառները։ Քիչ առաջ Գյումրու ամենամեծ թաղամասերից մեկում՝ Անիում փակցվեցին «ՕՐՕ դաշինքի» ու նրա թեկնածուի ցուցապաստառները։
Նկատենք, որ Գյումրիում դեռ այն տպավորությունն է, թե այս քաղաքը զերծ է ընտրություններից, ճիշտ է՝ վարկանիշային թեկնածուները մեծամասամբ գյուղերում հանդիպում են տեղի բնակիչների հետ, ռեպորտաժների տեսքով ցուցադրում տեղի հեռուստաընկերություններով, սակայն Գյումրիին ոչ հարիր պասիվություն է նկատվում, միգուցե և բացարձակ անտարբերություն։
Կարդացեք նաև
Ի դեպ, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից առաջինը «Ծառուկյան դաշինքն» է նախատեսել այցելել Գյումրի. Գագիկ Ծառուկյանը Գյումրիում կլինի երկու օրից, որին կհաջորդեն մյուս քաղաքական ուժերը՝ ՕՐՕ-ն, ՀՅԴ-ն, Ելքը, իսկ ավելի ուշ՝ ՀՀԿ-ն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ