«Այս իշխանությունները երկիրը տապալել են: Ես մտածում եմ, որ եթե մի 8 տարի առաջ 10 հոգով հավաքվեին, մտածեին, թե ինչ քայլեր անեն, որպեսզի ՀՀ-ին այսքան վնաս հասցնեն, հավատացեք, չէին կարող այսքան հաջողություն ունենալ»,- այսօր Վայքում ՕՐՕ դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց Վարդան Օսկանյանը:
Ըստ նրա, հաշվի առնելով, որ մարդը սխալական է, այդ դեպքում գոնե մի բան սխալ արած կլինեին եւ լավ քայլ արած կլինեին, բայց հիմա որեւէ մեկը չի կարող ասել, որ մի հարցում այս իշխանությունները հաջողություն են ունեցել. «Չեմ ուզում ես բողոքական դիրքերում լինել, բայց չկա այդպիսի բան: Մեր արտաքին պարտքը եղել է ընդամենը 1.7 մլրդ, 11.7 մլրդ ՀՆԱ-ն է եղել, ոչ թե աճել է մեր ՀՆԱ-ն, այլ հետ է գնացել: Չգիտեմ, սա ոնց կարելի է բացատրել, քան այն, որ մարդիկ միտումնավոր ՀՀ-ի դեմ են աշխատել»:
Վայքի բնակիչներից մեկը տեղից բացականչեց՝ Քոչարյանի ժամանակ ո՞նց էր, լա՞վ էր, բայց Օսկանյանը չարձագանքեց:
Նա շարունակեց իր ելույթը, ասելով, որ ԼՂ հարցով էլ ենք հետ գնացել, մեր միջազգային վարկն է ընկել, առաջ կիսաավտորիտար երկիր էինք, հիմա՝ ավտորիտար երկիր ենք, մամուլը կիսաազատ էր, հիմա՝ անազատ է:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, Օսկանյանն ասաց, որ միշտ էլ հարցը կարելի է լուծել հօգուտ Ադրբեջանի, տարածքների վերադարձի մասին են արդեն խոսում, բայց իրենց եռյակը բացառում է տարածքների վերադարձ, բացառում է դրա մասին նույնիսկ խոսել: Նա վստահեցրեց, որ հնարավոր է եւ տնտեսություն զարգացնել, ե՛ւ ամուր բանակ ունենալ, ե՛ւ հասնել ԼՂ ժողովրդի հարցի արդար լուծմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ