Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտավախություն ունեին, որ ագրեսիվ կոչեր են հնչելու քաղաքական տարբեր ուժերի սատարման համար. Վանաձորում կայացավ «Քայլ արա» շրջիկ համերգը (Տեսանյութ)

Մարտ 14,2017 15:04

MediaLab.am կայքը «Որդան կարմիր» ռոք խմբի հետ համատեղ այս օրերին շրջիկ համերգ-տուր է անցկացնում Հայաստանի մարզային հինգ քաղաքներում: «Քայլ արա» խորագիրը համերգը նպատակ ունի քաղաքացիներին եւս մեկ անգամ հիշեցնելու, որ վաղվա օրվա փոփոխությունը հենց իրենցից է կախված:

13 մետրանոց բեռնատարը, որ վերափոխվել է բեմի, շրջում է քաղաքից քաղաք: Հերթական կանգառը Վանաձորն էր:

«Մեդիալաբի» հիմնադիր Մարիաննա Գրիգորյանն ասում է, սա նախընտրական յուրահատուկ քարոզարշավ է՝ ուղղված քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման:

«Մենք հավատում ենք, եւ փորձում ենք մարդկանց վստահեցնել, որ թեեւ տարիներ շարունակ անընդհատ իրենց հասցրել են այն գիտակցության, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ կանխորոշված է, դա այդպես չէ: Բացի այդ զուգահեռ գնում է նաեւ ընտրակաշառքների գործընթացը: Մարդիկ, հատկապես մարզերում սոցիալապես շատ վատ պայմաններում են, որովհետեւ գործազրկության խնդիր կա, եւ ուզած-չուզած կախված են իրավիճակից: Շատերն էլ չգիտեն, որ ունեն ազատ ընտրելու իրավունք: Մարդկանց մի մեծ մասն էլ վախեցած է: Մեր ակցիայի նպատակը, արվեստի ուժը օգտագործելով մարդկանց իրազեկելն է, նրանց ասելը, որ մի վախեցիր, որովհետեւ, եթե քո ձայնը արժեք չունենար, կուսակցությունները խոստումներով չէին հեղեղի քեզ, եւ չէին փորձի գնել քո ձայնը»:

Իսկ թե համագործակցության համար ինչու է ընտրվել հենց «Որդան կարմիր» խումբը, Մարիաննա Գրիգորյանը վստահեցնում է, որ իրենք ունեն նույն գաղափարախոսությունը. «Մենք որեւէ քաղաքական ուժի չենք սատարում, մեզ համար ազատությունը գերագույն արժեք է: Եթե նման նախաձեռնություն ես անում, այստեղ ոչ թե պետք է խումբ, այլ պետք է խումբ, ով հավատում է այդ արժեքներին, ազատ է ներքուստ, եւ կարող է այդ ուղերձները տեղ հասցնել: Իսկ «Որդան կարմիրն» իր երգացանկից սկսած, բոլոր առումներով համապատասխանում էր մեր ծրագրին»:

Խմբի մեներգիչ Վահան Պողոսյանը ներկաներին եւս մեկ անգամ կոչ արեց ապրիլի 2-ին մասնակցել ընտրություններին, միաժամանակ հորդորելով չվախենալ ու չկաշառվել. «Կարեւորը մենք բոլորս էստեղ ենք, լավ տրամադրությամբ ու հաստատակամ: Ու պետք է քայլ անենք դեպի փոփոխություններ, որոնք մենակ մի ձեւով կարա լինի՝ արդար ընտրություններով: 4-5 տարվա մեջ եզակի դեպք է լինում, որ մենք կարողանում ենք անմիջական մասնակցություն ունենանք մեր պետականաշինության մեջ: Ապրիլի 2-ը էդ օրն է լինելու: Բոլորդ պետք է ձեր խղճով գնաք քվեարկեք, հաստատակամ լինեք, չվախենաք, չխաբվեք, չկաշառվեք: Որովհետեւ պայծառ ապագան պետք է անկաշառ լինի, որ ազատ խոսքն ամեն տեղ լինի»:

Ծրագրի կազմակերպիչ, «Մեդիալաբի» ծաղրանկարիչ Լիլի Կարապետյանն ասում է, ակցիայի ընթացքում խոչընդոտների են հանդիպել միայն քաղաքապետարանների կողմից: Սակայն համերգներն, այնուամենայնիվ, իրականացել են: Վանաձորում համերգը կայացավ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում:

«Քաղաքապետարանների կողմից թույլտվությունների առումով նրանք մի փոքր ավելի զգույշ էին: Մտավախություն ունեին, որ ագրեսիվ կոչեր են հնչելու, քաղաքական տարբեր ուժերի սատարման համար, բայց դա մեր գաղափարից շատ հեռու է: Ամենաշատ մտավախությունը Վանաձորի քաղաքապետարանի կողմից եղավ: Նախագիծն ամբողջովին ներկայացվել էր, նրանք աջակցեցին, տարածք տվեցին, բայց այս տարածքը չի համապատասխանում մեր նախագծին: Որովհետեւ շարժական բեմ՝ բեռնախցի մեջ, մեքենան շատ ահռելի չափերի է, մուտքը դեպի այս այգի մեծ խոչընդոտների առաջ կանգնեցինք: Քաղաքապետարանում ես ասացի, որ մեզ ավելի հարմար տարածք է պետք, սակայն ինձ փոխանցեցին, որ դիտորդներ կան քաղաքում, եւ այս ակցիան քաղաքական ենթատեքստ ունի: Ես իրենց մտքի թելը չկարողացա որսալ, թե ինչ էին ուզում դրանով ասել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031