Հայաստանը ազատազրկվածների և քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դատապարտյալների մահացության թվի բարձր տոկոս ունեցող առաջատար երկրների շարքում է:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հրապարակել է զեկույց՝ «Հայաստանի ՔԿՀ-ները 2015-ին» խորագրով: Ներկայացված տվյալների համաձայն՝ 2015-ին ՀՀ-ում գրանցվել է 3888 ազատազրկված (6-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ), որը նշանակում է՝ ամեն 100.000 բնակչից 129.7-ը ազատազրկված է, ինչը զգալիորեն բարձր է, քան եվրոպական միջինը՝ 115.7 ազատազրկված՝ 100.000 բնակչից:
Զեկույցում ամրագրված է. «2005-ից սկսած՝ Հայաստանում ազատազրկվածների թիվն աճել է 48 տոկոսով: Այսպիսով, Հայաստանը այն երկրներից է, որտեղ ազատազրկումների ցուցանիշն ամենաշատն է աճել վերջին 10 տարիների ընթացքում»:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը դատապարտյալների թվի աճի ցուցանիշներով գտնվում է Թուրքիայի (191%), Ալբանիայի (90%), Սան Մարինոյի (79 %), Մակեդոնիայի (61%) շարքում: Եթե 2005-ին ազատազրկվածների թիվը եղել է 2822, 2015-ին այն հասել է 3888-ի:
Կարդացեք նաև
Ազատազրկված կանանց ցուցանիշը 4.4% է, որը զգալիորեն ցածր է եվրոպական միջինից: ՀՀ-ում ազատազրկված արտերկրի ներկայացուցիչների թիվը ցածր է եվրոպական միջինից 3.2%՝ 10.8% սահմանվածի փոխարեն:
ՔԿՀ-ների գերբնակեցման ցուցանիշը ԵԽԽՎ միջին տվյալների համեմատ ցածր է՝ 100 տեղի համար 84.8 ազատազրկված, եվրոպական միջին պահանջվածի՝ 100 տեղի համար 93.7 ազատազրկվածի փոխարեն:
Ազատ արձակվածների թիվը ևս նվազել է: Համաձայն զեկույցի՝ 2014-ին ՔԿՀ-ներից ազատ արձակվածների թիվը եղել է 1464, այն դեպքում, երբ 2013-ին գրանցվել է ազատ արձակման 2531 դեպք:
ԵԽԽՎ զեկույցում մտահոգություն կա նաև ՀՀ-ում ՔԿՀ-ներում մահացության ցուցանիշի վերաբերյալ: Ամրագրված է. «Ուսումնասիրության ենթարկված երկրների շարքում Հայաստանում ամենաբարձրն է ՔԿՀ-ներում մահացության ցուցանիշը՝ 10.000 ազատազրկվածներից 95.5-ը, մինչդեռ եվրոպական սահմանված միջինը 27.3 է: Ինքնասպանության 4 դեպք է գրանցվել, որը կազմում է 10.1 ինքնասպանության դեպք 10.000 ազատազրկվածի մեջ, մինչդեռ եվրոպական միջին ցուցանիշը կազմում է 6 դեպք՝ 10.000 ազատազրկվածի համար»:
2014-ին գրանցվել է քրեակատարողական հիմնարկներից փախուստի մեկ դեպք: Զեկույցում տվյալներ են ներկայացված նաև ՔԿՀ-ների ֆինանսավորման մասին: Մասնավորապես, 2013-ին բյուջեն կազմել է 14.664.610 եվրո. յուրաքանչյուր ազատազրկվածի համար օրական 10.3 եվրո, որը 5 անգամ ցածր է ԵԽԽՎ սահմանված միջինից՝ 52.36 եվրո: Մեկ ազատազրկվածին բաժին ընկնող բյուջեի առումով ամենացածր ցուցանիշը Վրաստանինն է՝ 5.66 եվրո օրական, իսկ ամենաբարձրը՝ Շվեդիայինը՝ 354 եվրո օրական, Սան Մարինոյում՝ 480 եվրո՝ օրական:
Aravot.am-ը պարզաբանման համար դիմեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանին: Նա պատասխանեց, որ զեկույցին ծանոթանալուց և տվյալները վերլուծելուց հետո առաջիկայում հանդես կգան պարզաբանմամբ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ