Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 14-ին հրապարակվեց «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով վճիռը:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայց է ներկայացրել YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել՝ «SOS» հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում ոստիկաններին «շան տղերք» անվանելու համար, իսկ ոստիկան Արթուր Մադաթյանին վճարի փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով»:
Դատարանը մասնակիորեն բավարարեց ոստիկանության հայցը եւ վճռեց պարտավորեցնել Վիլեն Գայֆեջյանին ներողություն խնդրել ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից եւ Սերգեյ Զաքարյանից՝ «11 ՍՕՍ – Գ/7» վերտառությամբ տեսանյութում վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտություններ կատարելու համար: Վճռի ուժի մեջ մտնելու դեպքում նախատեսված տեքստը պետք է ձայնագրվի եւ տեսանյութը տեղադրվի հաղորդաշարի էջում կամ 80.000-ից ավելի դիտում ունեցող որեւէ լրատվական կայքում: Իսկ ոստիկանների դրամական փոխհատուցման մասը դատարանը մերժեց»:
Վիլեն Գայֆեջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ վճիռը հիմնավոր չէր: Ըստ նրա, ընդհանուր հայցը սխալ էր. «Ըստ վճռի՝ պետք է ներողություն խնդրեմ, բայց հաստատ չեմ անի դա: Մենք կբողոքարկենք վերին ատյաններում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ