Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իշխանություններն ուզում են առնեն, կան մարդիկ, որ 30-40 հազարով կծախեն». Օսկանյանը՝ եղեգնաձորցիներին

Մարտ 14,2017 13:51

Այսօր ՕՐՕ դաշինքն իր քարոզարշավն արեց Եղեգնաձորում: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ի դեմս Սեյրան Օհանյանի, ունենք Հայաստան -Արցախը, ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի, ունենք սփյուռքը. «Արտաքին շահի պաշտպանության, անվտանգության պաշտպանության ոլորտում մեծ փորձառությունը մեզ կարող է դուրս բերել այս վիճակից: Մենք ունենք այդ կամքը, ցույց ենք տվել դա մեր գործունեության ընթացքում»:

Նա ընդգծեց, որ «Ժառանգությունն» ու Րաֆֆի Հովհաննիսյանը 14 տարի է՝ ընդդիմադիր պայքարի մեջ են առաջին գծում: Վարդան Օսկանյանը 1991-ին հրաշալի կրթությամբ եկավ ՀՀ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին մեր արտաքին քաղաքականության հիմնասյուները դրեցին. «Իր ժամանակահատվածում հակահայկական բանաձեւեր չեն ընդունվել: Սեյրան Օհանյանը եղել է կադրային սպա, հրաշալի կարիերա կարող էր ունենալ ՌԴ-ում, բայց վերադարձավ հայրենիք, Արցախ եւ իր ազատամարտիկ ընկերների հետ ապահովեց ոչ թե բարոյական հաղթանակ, այլ իրական հաղթանակ՝ ազատագրվեց եւ ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլ հայապատկան հողերը»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ Հայաստանն այսօր քաղբանտարկյալների թվով մրցում է Ադրբեջանի հետ, թե որտե՞ղ ավելի շատ քաղբանտարկյալ կա: Նա ասաց, որ իրենց իշխանության ժամանակ համաներում է լինելու, որի մեջ են մտնելու քաղբանտարկյալները, այդ թվում՝ նաեւ «Սասնա ծռերը», իսկ ոստիկանների մահվան հանգամանքները պետք է հետաքննի արդար դատական համակարգը:

Վարդան Օսկանյանն ասաց, որ գիտի, մարդիկ հիասթափված են ընտրություններից, բայց այլընտրանք չկա, սա հերթական հնարավորությունն է օրինական ձեւով իշխանափոխության հասնել. «Միակ բանը, որից պետք է վախենալ, հենց վախն է: Ես իսկապես վախենում եմ այդ վախից, ես վախենում եմ, որ դուք վախենում եք այս ընտրություններին գնալուց։ Գնացեք, համարձակ քվեարկեք ձեր խղճի կամոք: Գիտեմ, որ ձեր խղճի կամքը այլ է: Փող մի՛ վերցրեք: Եկեք մեր երեխաների, թոռների ապագան չծախենք: Իշխանություններն ուզում են առնեն, կան մարդիկ, որ 30-40 հազար դրամով կծախեն, բայց դա միանվագ է լինելու»:

Նա վստահեցրեց, որ մարդիկ դատապարտված չեն ապրելու այսպես, ռեսուրսներ կան, թող իշխանությունները չհամոզեն, թե մենք փոքր երկիր ենք, շրջափակման մեջ ենք, օբյեկտիվորեն ենք այս վիճակում. «Դա իշխանությունների ալիբին է, սուտ է, դա իրենց անգործության արտահայտությունն է, արդարացումն է: Այս իշխանությունները այս 9 տարիների ընթացքում ապացուցել են, որ ի վիճակի չեն երկրում ինչ-որ բան փոխելու, չի հետաքրքրում նրանց դա, իրենց երկու բան է հետաքրքրում՝ աթոռն ու փողը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031