Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական միությունն ամեն շաբաթ ծախսում է 1-2 մլն եվրո Հայաստանին աջակցելու համար. Հոա- Բինհ Աջեմյան

Մարտ 14,2017 13:41

«Մենք նմանատիպ միջոցառումներով մեր առջև խնդիր ենք դրել առավելագույնս տեղեկացնել մեր հասարակությանը, մեր երկրի տարածքում գործող կառույցներին, որպեսզի կարողանանք ավելի մեծ թվով որակյալ մրցակցային ծրագրեր ներկայացնել Հայաստանում իրականացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Այսօր՝ մարտի 14-ին Երևանի Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-20 թթ. ծրագրի նախապատրաստմանը նվիրված աշխատաժողովը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Պարոն Մելքոնյանի խոսքով՝ սա ծրագրի երկրորդ շրջափուլն է: Նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս 2014 թ-ից, 2015-2016 թթ-ին բոլոր փաստաթղթերի նախապատրաստական բանակցություններն են ընթացել շահառու երկրների և Եվրահանձնաժողովի միջև: Այս տարվա հունվարից տրվել է ծրագրի մեկնարկը: Շահառու անդամ երկրներից կարող են հայտեր ներկայացնել մինչև մայիսի 31-ը:

Ծրագրի շահառու են հանդիսանում թվով 8 երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանը և Թուրքիան. «Ի սկզբանե ենթադրվում էր, որ շահառուների մեջ կարող էր ներառվել նաև մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, բայց քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ Ադրբեջանը պետք է դուրս մնա այս ծրագրից»,- ասաց Գարեգին Մելքոնյանը:

Ինչպես նշեց նախարարի առաջին տեղակալը՝ ծրագրի գաղափարախոսությունը հետևյալն է. այս 8 երկրներում գործող պետական և ոչ պետական կառույցները կարող են հայտերով հանդես գալ, համատեղ համագործակցության ծրագրեր ներկայացնել ծրագրի կազմակերպիչներին, և հաղթած ծրագրերը կիրականացվեն 2-3 տարվա ընթացքում. «Յուրաքանչյուր ծրագրային առաջարկ կարող է լինել նվազագույնը 300,000 եվրոյից մինչև առավելագույնը 1,5 մլն եվրոյի շրջանակում: Այն պետք է ուղղված լինի շահառու երկրների միջև համագործակցության որոշակի ձևաչափերի զարգացմանը: Ծրագրային փաթեթի առաջարկի մեջ պետք է ներառված լինի մեկ Եվրամիության անդամ երկիր՝ վերը նշված երկրներից և մեկ կամ երկու արևելյան գործընկերության երկիր: Ընդհանուր ծրագրի բյուջեն 54 մլն եվրո է: Գումարը ամբողջությամբ տրամադրվում է եվրոպական հանձնաժողովի կողմից: Այն գրանտային է, որևէ երկրի համար վարկային պարտավորություն չի ավելացնում: Յուրաքանչյուր երկրի կառույցները ինչքան տեղեկացված, ակտիվ և ունակ լինեն մրցակցային ծրագրեր իրականացնելու, այնքան ավելի շատ կօգտվեն ծրագրից»:

Ծրագրերի իրականացման ոլորտները տարբեր են՝ տուրիզմ, բնապահպանություն , առևտուր, տնտեսական հարաբերություններ:

Պարոն Մելքոնյանի խոսքով ՝ նախորդ շրջանում Հայաստանը ներգրավված է եղել մոտ 22 ծրագրում, որոնցից երեքում Հայաստանը եղել է ծրագրային առաջարկով առաջնային գործընկերը:

Ծրագրային առաջարկներ կարող են ներկայացնել և պետական մարմինները, և համայնքային և տեղական ինքնակառավարման մարմինները, նաև ոչ պետական կառույցներ՝ հասարակական կազմակերպություններ և այլն:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՄ-ի Համագործակցության բաժնի պետ Հոա- Բինհ Աջեմյանը. «ԵՄ-ն շարունակաբար աջակցում է Հայաստանին: Հայաստանում կա ընթացիկ 200 ծրագիր, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանմանը, կաթի արտադրությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և այլն:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ԵՄ-ն ամեն շաբաթ ծախսում է 1-2 մլն եվրո Հայաստանին աջակցելու համար: 2 շաբաթ առաջ առաջարկ է արվել՝ ուղղված Շիրակի մարզում արդյունաբերական և մշակութային զարգացման ծրագրեր սկսելուն, իսկ տվյալ ծրագրի մասին ասաց. «Այս ծրագիրը նպաստում է Սևծովյան տարբեր երկրների համագործակցությանը : Համագործակցությունը և առևտուրը շատ կարևոր են: Սա կարևոր է Եվրոպայի և շատ ավելի կարևոր Հայաստանի համար»:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031