«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը մտահոգված է՝ քարոզարշավի ընթացքում խախտվում է «Ընտրական օրենսգրքի» 19-րդ հոդվածը:
«Օրենքի այդ հոդվածն արգելում է ՏԻՄ ծառայողներին ու պաշտոնյաներին լինել միաժամանակ ե՛ւ պաշտոնյա, ե՛ւ մասնակցել քարոզարշավին, պարոն վարչապետը ե՛ւ վարչապետ է, ե՛ւ քարոզչության է մասնակցում: Միայն ԿԳ նախարարի մասին եմ կարդացել, որ արձակուրդում է: ԿԸՀ-ն էլ լղոզած բացատրություն է տվել: Եթե օրենքի երկիր ենք, ու ամենուրեք վարչապետը խոսում է առաջընթացի, արդարության մասին ու իր անձով խախտում է օրենքը, զրոյանում է իրա ասածը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Անահիտ Բախշյանը:
Տիկին Բախշյանը նկատեց, որ ՀՎԿ-ն նույնպես դպրոցի դահլիճներում է քարոզարշավ անում, ինչը նույնպես օրենքի խախտում է. «Ես չեմ էլ համարձակվել որեւէ տնօրենի ասել՝ դահլիճ կտա՞ս…Շատ մտահոգ եմ, տարբերակված մոտեցում է, ակնհայտ վարչական ռեսուրսները քարոզարշավի ժամանակ օգտագործում են»:
Տիկին Բախշյանը տողատակերով քննադատեց նաեւ «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը. «Եթե ԱԺ-ում հինգ տարվա մեջ մի խելացի, նույնիսկ ոչ խելացի ելույթ էլ չի ունեցել, այդ մարդուն այսօր պաշտելու աստիճան գյուղերում չգիտեմ ոնց են ընդունում»:
Կարդացեք նաև
«Ժամանակն է ձեւավորել քաղաքակիրթ էլիտա ԱԺ-ում, ժամանակն է, որ կարողանանք ճիշտ ընտրություն կատարել»,- ասաց ՀՎԿ պատգամավորի թեկնածու Մարիաննա Ֆրունջյանը:
Տիկին Բախշյանն էլ նկատեց՝ ուշացել ենք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ