Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողնող-չթողնողը Մուկուչյանը չէ». ի պատասխան Գագիկ Ծառուկյանի

Մարտ 14,2017 12:57

«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Տիգրան Մուկուչյանին հորդորում է մի դիմում էլ ուղարկել ՀՀԿ գրասենյակ: Նա «Ազատության» եթերում մասնավորապես հայտարարել է. «Ինչո՞ւ Տիգրան Մուկուչյանը մի զգուշացում էլ չի ուղարկում ՀՀԿ գրասենյակ՝ վարչապետին, ով, չլինելով արձակուրդի մեջ՝ աշխատանքային ժամերին օրինակ՝ Սյունիքում խոստանում է 55 միլիոն դոլարի ներդրում, Արմավիրում, իհարկե, բոլորս էլ ծնող ենք, հասկանում ենք, բայց երբ իրեն մի ծնող մոտեցավ ու երեխայի վիրահատության գումար էր ուզում, իր օգնականին հանձնարարեց կարգավորել: Կխնդրեի Տիգրան Մուկուչյանին, էն հայտնի ֆիլմի նման, մի դիմում էլ ՀՀԿ գրասենյակ ուղարկել»:

Aravot.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում արդյոք մեկ դիմում էլ ՀՀԿ գրասենյակ ուղարկել, պարոն Մուկուչյանը պատասխանեց, թե դիմում ուղարկողն ինքը չէ, այլ ԿԸՀ-ն ու պարզաբանեց. «Հստակ ասել ենք, որ մենք որևէ խախտում այն հանգամանքների հետ կապված, որ նշվում են, համաձայն Ընտրական օրենսգրքի՝ չենք արձանագրել»:

Հետաքրքրվեցինք՝ արդարացվա՞ծ է արդյոք այն, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Սյունիքի մարզում աշխատանքային ժամերին 55 միլիոն դրամի ներդրում է խոստանում, պարոն Մուկուչյանը պարզաբանեց. «Մեր պարզաբանման մեջ ամբողջ ծավալով ներկայացված է ԿԸՀ դիրքորոշումը՝ ԸՕ պահանջներին համապատասխան»:

Մեր այն հստակեցմանը, թե ԿԸՀ-ի տարածած հայտարարությունը հավանաբար սպառիչ չի եղել, քանի որ դրանից հետո Նաիրա Զոհրաբյանը կոչով դիմել է իրեն, թե մի դիմում էլ ՀՀԿ գրասենյակ ուղարկեք, պարոն Մուկուչյանը պատասխանեց. «Եթե ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության քարոզարշավում ԿԸՀ-ի կողմից նկատվում են Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ, ապա ԿԸՀ-ն բոլորին էլ նախազգուշացնում է: Ինչ վերաբերում է կոնկրետ բարձրացված հարցին, ապա այդ հարցի հետ կապված մանրամասն պարզաբանմամբ հանդես ենք եկել»:

Մեր այն պնդումներին, թե արդյոք ԸՕ-ի խախտում չէ՞ այն, որ ՀՀ վարչապետն աշխատանքային ժամերին 55 միլիոն դրամ ներդրման, վիրահատության խոստում է տալիս, պարոն Մուկուչյանն արձագանքեց. «Ինձ թվում է մենք տարբեր բաների մասին ենք խոսում: Չի կարելի զուգահեռներ անցկացնել տարբեր հանգամանքների միջև, դրանք միմյանց հարող հանգամանքներ չեն»:

Մեր այն հստակեցմանը, թե պարոն Մուկուչյանը նկատի ունի, որ ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների միջև զուգահեռներ անցկացնելը տեղի՞ն չեն, ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Այո»:

Նշեցինք՝ իսկ վիրահատության ծախսերը հոգալը խոստում չի՞ դիտարկվում, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «Նորից եմ կրկնում. ԿԸՀ-ն ընտրապայքարի մասնակից, որ թեկնածուի քարոզարշավում հայտնաբերում է խախտումներ՝ կապված ԸՕ –ի հետ, բոլորին էլ տեղյակ է պահում»:

Հետաքրքրվեցինք՝ Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդին ուղղված հորդորները, թե գնացեք Տիգրան Մուկուչյանին ասեք,  քանի որ չի թողնում, որ Ծառուկյանը ժողովրդին օգնի, ինչպե՞ս կընդունի, պարոն Մուկուչյանը պատասխանեց. «Տիգրան Մուկուչյանը թողնող-չթողնողը չէ: Արգելողն Ընտրական օրենսգիրքն է: ԸՕ-ի պահանջներն ենք մենք ընդամենը բարձրաձայնում, ոչ ավելին »:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031