Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի, ինչպես նաև երրորդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվող «Ֆրանսիայի համը» խոհարարական միջոցառման առիթով մարտի 14-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի եւ մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանի ասուլիսը:
Խոսելով մարտի 15-30-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ֆրանկոֆոնիական միջոցառումների շարքի մասին՝ պարոն դեսպանը նշեց, որ Ֆրանկոֆոնիային նվիրված տոնակատարությունը բարի ավանդույթ է դարձել: Նա տեղեկացրեց, որ Ֆրանսիայի դեսպանատան հետ միասին նախաձեռնությանն են միացել 5 դիվանագիտական կազմակերպություն՝ Շվեյցարիա, Կանադա, Հունաստան, Լիտվա եւ Լիբանան, իսկ ընդհանրապես 2012-ից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ Հայաստանի հետ միասին տոնական միջոցառումներին մասնակցում է 7 երկիր:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն փաստեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն (ՖՄԿ ) իր շուրջն է համախմբել 84 երկիր, մոլորակի 274 մլն մարդ խոսում է ֆրանսերեն, եւ ՖՄԿ անդամ պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը 2018-ին անցկացվելու է Հայաստանում:
Կարդացեք նաև
Ալեքս Բորտոլանն էլ անդրադարձավ այն միջոցառումներին, որոնք ընդգրկելու են բազմաթիվ ոլորտներ՝ կինո, հրատարակչություն,խոհանոց, երաժշտություն եւ թատերարվեստ: Նրա ձեւակերպմամբ, տարվա առանցքային թեմա են ընտրվել թվային տեխնոլոգիաները, եւ թեմային նվիրված 5 միջոցառումներ կանցկացվեն՝ էլ-համբավին նվիրված համաժողովից մինչեւ սմարթֆոնների համերգ:
Ինչ վերաբերում է ՌԴ-ում Կանադային դեսպանատան հետ համատեղ Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնին, «Մոսկվա» կինոթատրոնում 11 ցուցադրությամբ 8 ֆիլմ կներկայացվի: Փառատոնը կբացվի «Ինչ ենք արել տեր Աստծուն» կատակերգությամբ եւ կփակվի Իվ Սեն-Լորանին նվիրված վավերագրական ֆիլմով:
Ֆրանսիական խոհանոցին եւս անդրադարձ եղավ, դեսպանը նշեց, որ հայերն ու ֆրանսիացիներն առանձնահատուկ են նրանով, որ խոհանոցի միջոցով տոնի, ջերմության եւ մտերմության մթնոլորտ են ստեղծում: Անձամբ ինքը նախընտրում է Ֆրանսիական այն ուտեստները, որոնք բադի մսով են, իսկ հայկական խոհանոցից առանձնացնում է սպասը:
Խոսելով ֆրանսերենի լեզվի ու ֆրանկոֆոն արժեքների մասին, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ափսոսանք հայտնեց, որ ֆրանսերեն սովորող երիտասարդների թիվը Հայաստանում պակասել է 20 տարի առաջվա համեմատությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ