Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելը դարձնել օրակարգային հարց

Մարտ 14,2017 12:00

«Կողմերը ցանկանում են առաջընթացի հասնել»

Մարտի 14-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի ժամանել է Փարիզ, որտեղ մարտի 14-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկելու է նաեւ Ղարաբաղյան հակամարտությունը։

Ակնկալվում է, որ մարտի 27-ին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ օրերս Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, որ համանախագահները լինելու են նաեւ Արցախում: «Պետք է փորձենք շարունակել բանակցությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու գործընթացը»,- նշել էր Նալբանդյանը:

Անցյալ շաբաթվա վերջին համանախագահները Բաքվում էին, որտեղ հանդես են եկել գնահատականներով: ԼՂ հակամարտության հարցում անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ համանախագահների մամլո ասուլիսում ասել է ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։ Նրա խոսքով՝ 2016թ. ապրիլյան իրադարձությունների առաջին տարելիցն անհրաժեշտ է դիմավորել ոչ թե ճակատում, այլ բանակցային սեղանի շուրջ։ Նա նաեւ հավելել է, որ երեք համանախագահներից յուրաքանչյուրը կարծում է, որ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնարին է։

Հոգլանդի կարծիքով՝ 25 տարիների դիվանագիտական գործունեությունը կանխել է ողբերգական իրադարձություններ։ «Չնայած այն բանին, որ բանակցությունները 25 տարիների ընթացքում արդյունք չեն տվել, դիվանագիտական գործունեության նպատակն է կարգավորման համար պայմաններ ստեղծելը։ Երեք երկրներից յուրաքանչյուրի կառավարությունն ու համանախագահները կշարունակեն ջանքեր ներդնել, քանի դեռ հակամարտող կողմերը քաղաքական կամք չեն դրսեւորել»,- ասել է Հոգլանդը։
Առավել լավատես է ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահը: ԼՂ բանակցային գործընթացը շարժվել է մեռյալ կետից՝ ասել է Ստեֆան Վիսոնտին եւ հավելել, որ ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքեր ներդնել. «Իհարկե, դա բարդ հարց է։ Ինչպես գիտեք՝ զորքերի շփման գծում լարվածություն է նկատվում։ Սակայն կողմերը ցանկանում են առաջընթացի հասնել։ Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է»։

Պատժամիջոցներ` խաղաղությանը հակազդելու դեպքում

Միջնորդ երկրները փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ` հստակ գիտակցելով, որ խաթարված բանակցությունների «այլընտրանքը» պատերազմի բռնկումն է:
Պաշտոնական Երեւանը պնդում է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառումը, մինչդեռ Բաքուն մերժում է դրանք: Ամիսներ շարունակ այս խնդիրը լուծում չի ստանում, սակայն օրերս Ֆրանսիայի նախագահը բավական ուշագրավ միտք էր արտահայտել Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի շրջանակներում, որը հայկական կողմի համար խիստ կարեւոր է:

Ինչպես հայտնել է RFI-ն` Ֆրանսիայի նախագահը նշել է, որ իր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անում է ամեն հնարավորը, որպեսզի խուսափեն ծանր միջադեպերի կրկնությունից, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթներին եւ ամիսներին: Այնուհետեւ Օլանդն առաջարկել է ոչ միայն մշակել մեխանիզմները, որոնք թույլ կտան դիտարկել, հետաքննել իրավիճակը սահմանին, այլեւ «պատժամիջոցներ սահմանել խաղաղությանը հակազդելու դեպքում»:

Հետաքննության մեխանիզմները մերժող Ալիեւի համար սա բավական ոչ դուրեկան հայտարարություն է, եւ պաշտոնական Երեւանը պետք է փորձի հասնել նրան, որպեսզի այլ պետությունների իշխանությունների կողմից եւս նման հայտարարություններ հնչեն:
Վաղուց է արդեն ժամանակը հասունացել, որպեսզի հետաքննության մեխանիզմներին ընդդիմացող երկրի ղեկավարությունը գիտակցի, որ քմահաճությունների համար պետք է կոնկրետ պատասխանատվության ենթարկվի: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները, ինչպես նաեւ այլ պետություններ եւս նման կոշտ վերաբերմունք դրսեւորեն, թերեւս Ադրբեջանի իշխանություններին հնարավոր կլինի փոքր-ինչ սթափեցնել:

Մոսկվան օգտվում է առանձին աշխատելու հնարավորությունից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմ են հանդես գալիս ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հանգամանալից բանակցությունների շուտափույթ մեկնարկին՝ Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։
Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն՝ հավելել է Իգոր Պոպովը: Նա հայտնել է նաեւ, որ համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել են բանակցային սեղանին եղած գաղափարները, ինչպես նաեւ իրադրությունը շփման գծում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի գործունեությունից բացի՝ Մոսկվան աշխատում է կողմերի հետ նաեւ առանձին: Ռուսական ինքնուրույն ջանքերի մասին վերջերս կրկին խոսեց Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Եռյակի հետ համաձայնեցված մոտեցումների շրջանակներում կշարունակվեն նաեւ Ռուսաստանի ինքնուրույն ջանքերը՝ հաշվի առնելով սերտ հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչը թույլ է տալիս կարծիքներ փոխանակել առանցքային հարցերի վերաբերյալ»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ռուսական ձեռքբերումների մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի անմիջական աջակցությամբ 1994թ. Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրել են կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը մինչ օրս ընկած է հրադադարի հիմքում: «Հենց Ռուսաստանն է զգալի դերակատարում ունեցել անցած տարվա ապրիլի սկզբին ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Մոսկվա հրավիրելով Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների հրամանատարներին»,- հավելել էր նա:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շեշտեց Ռուսաստանի առանձին դերը կողմերի հետ աշխատելու հարցում. «Ռուսաստանը հետագայում նույնպես կնպաստի կողմերի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ ինչպես Բաքվի եւ Երեւանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպումների ձեւաչափում: Եվ, իհարկե, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 14.03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031