Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգություն և ժողովրդավարական կայուն զարգացում. Սերժ Սարգսյանի հոդվածը՝ «Իզվեստիա»-ում

Մարտ 14,2017 11:01

«Իզվեստիա» ռուսական թերթը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հոդվածը, որում նա անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցությանը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը Երրորդ հանրապետության 25-ամյակը թևակոխել է պետականության կառուցման արժեքավոր փորձով՝ իր ձեռքբերումներով և սխալներով, բայց դեպի ապագա նայող վստահ հայացքով:

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման շարունակվող սպառնալիքի, Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների պայմաններում մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել երկրի պաշտպանության ամրապնդման վրա: Զարմանալի չէ, որ պետական կայացած ինստիտուտներից առաջինը մեր բանակն էր, որը երկար ժամանակ է՝ համարվում է տարածաշրջանում ամենաուժեղ և մարտունակ բանակներից մեկը…

Հայաստանը հետևողականորեն բարձրացնում և ամրապնդում է իր պաշտպանունակությունը, այդ թվում՝ իր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության շրջանակներում»,-գրել է ՀՀ նախագահը:

Նա Ռուսաստանն անվանել է էներգետիկայի, տրանսպորտի, մետալուրգիայի և հեռահաղորդակցական ոլորտում առանցքային առևտրա-տնտեսական գործընկերներից մեկը և հայկական տնտեսության գլխավոր ներդրողը։

«Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նշանակալի իրադարձություն է եղել 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր համատեղ այցը Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազա, որտեղ դիտարկվել են դրա ռազմատեխնիկական արդիականացման և սպասարկման արդյունավետության բարձրացման խնդիրները։ Դրանց լուծման համար նպատակահարմար է հայկական և ռուսական կողմերի միջև Գյումրիում համատեղ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծման շահագրգռված քննարկումը»,- ասվում է նախագահի հոդվածում։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկրները մտադիր չեն կանգ առնել ձեռքբերածով։ Նրա կարծիքով՝ համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է, ինչը կմղի Հայաստանին ու Ռուսաստանին նոր ինովացիոն լուծումների որոնման՝ հետագա փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման համար։

Նախագանը նշել է նաև Եվրասիական տնտեսական միության դերը երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման գործում։

«ԵՏՄ-ին միանալուց հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են՝ հաշվի առնելով այն, որ մեր առջև բացվել է ԵՏՄ անդամ երկրների 180 մլն սպառողական շուկան։ Միությունը հնարավորություն է ստեղծում ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի համար։ Դրանք, անշուշտ, մեծ առավելություններ են»,-ընդգծել է նա։

Անդրադառնալով 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը լինելով Արցախի անվտանգության երաշխիք, շարունակում է կառուցողական ջանքերը ՝ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրելու համար: «Բաքվում մեր հակագործընկերները պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանը և համանախագահները խոսում են մեկ լեզվով. քաղաքակիրթ աշխարհում բանակցություններն այլընտրանք չունեն, պատերազմը խնդիրների լուծման ուղի չէ և միայն երկխոսության, այլ ոչ թե վերջնագրերի լեզվով կարելի է հասնել խաղաղության»,-գրել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ սեփական ճակատագիրը տնօրինելու ժողովրդի իրավունքը ժամանակակից աշխարհակարգի անբաժան մասն է: «Եվ հենց այս հիմքով պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը»,-հավելել է Սերժ Սարգսյանը:

«2015-ի սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանը գտնվում է հիմնարար քաղաքական փոփոխությունների շեմին, որոնք ուղղված են երկրի կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգ ստեղծելուն: Դեմոկրատական ինստիտուտների ամրապնդում, բաց քաղաքացիական հասարակության զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, կառավարման թափանցիկ և արդյունավետ համակարգ. ահա մեր երկրի ռազմավարական ուղղությունը: Այսօր Հայաստանի ղեկավարության գլխավոր խնդիրներն են անվտանգության և ժողովրդավարական կայուն զարգացման պայմանների ապահովումը»,-գրել է ՀՀ նախագահը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031