Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն դանդաղ եւ միայն բացատրելով

Մարտ 14,2017 10:15

Հայաստանում չեն կարող լինել ազատ-արդար ընտրություններ: Մի երկրում, որտեղ ընտրողների մեծ մասն աղքատներ եւ ուզվորներ են, սպասում են «թագավորների» եւ «իշխանների» ողորմությանը, համբուրում են ֆեոդալների ձեռքերն ու ոտքերը, այդպիսի երկրներում «պառլամետ», «նախագահ», «կուսակցություններ», «քաղաքական պայքար» հասկացությունները կարելի է կիրառել խիստ վերապահումներով:

Նույնիսկ այն աներեւակայելի դեպքում, եթե խորհրդարանն ինչ-որ հրաշքով ամբողջությամբ կազմված լինի Սաակաշվիլիներից, Իվանիշվիլիներից եւ Լի Կուան Յուներից, միեւնույն է՝ այդ հրաշալի անձնավորությունները ոչինչ չեն կարողանա փոխել, քանի դեռ չկա փոխելու պահանջարկը` պետություն ունենալու պահանջարկը, ոչ թե սեփական գործերը դզել-փչելու եւ կենցաղային պահանջները բավարարելու: Նրանք, ովքեր հույս ունեն, որ երկիրը կարող է փոխվել ընտրությունների միջոցով (խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր իսկապես նման հույս ունեն, ոչ թե «դերասան» ու փարիսեցի քաղաքական գործիչների մասին), այդ մարդիկ մոլորության մեջ են: Բայց դա չի նշանակում, որ ընտրություններ չպիտի կայանան, եւ որ դրանք պետք է վիժեցվեն. նրանք, ովքեր կողմ են զինված քաղաքական պայքարի, ռեւկոմների եւ գիլիոտինների, նրանք առավել եւս սխալ ուղու վրա են` Հայաստանի պարագայում դա բերելու է պերմանենտ հեղաշրջումների:

Պարզապես ընտրություններին որպես ինչ-որ «ճակատագրական պահի» պետք չէ վերաբերվել՝ դրանք լավ առիթ են «քաղաքական վերնախավի» եւ դրա առաջարկած գաղափարների արժեքը գնահատելու, եւ քանի որ մթնոլորտը քաղաքականացված է, հաղորդել հասարակությանը երկու գաղափար՝ 1/ փոփոխություններ կլինեն այն ժամանակ, երբ հասարակությունը դա ցանկանա. ամեն մեկի՝ սեփական գործերը «դզելու» ձգտումը փոփոխության ցանկություն չէ: 2/ հասարակության պահանջարկի ձեւավորումը կարող է տեղի ունենալ միայն դանդաղ եւ միայն համբերատար, նպատակաուղղված լուսավորչական աշխատանքով:

Օրինակ՝ մի քանի տարի պահանջվեց, որ մարդիկ հասկանան, որ ամրագոտի կապելը եւ կարմիր լույսի տակ կանգնելը «էս անտեր պետության» հնարածը չի, դա պետք է հենց այն մարդկանց, ովքեր նստած են ղեկին: Երեւի եւս մի քանի տարի կանցնի, եւ մարդիկ կգիտակցեն, որ արագաչափերը սահմանված արագությունը չգերազանցելու համար են՝ ի հեճուկս այս ընտրություններում կուսակցությունների ամբոխահաճո քարոզչության:
Եվս մի քանի տարուց կամ տասնամյակից հայաստանցիները կհասկանան, որ եթե դու մանր չինովնիկ ես եւ մանր կաշառքներ ես վերցնում, ապա իրավունք չունես բողոքելու «էս անիրավ երկրից» եւ մեծ չինովնիկների մեծ կաշառքներից: Եվ այսպես շարունակ: Մարդիկ, որոնք այս օրերին ադեկվատ մտքեր են արտահայտում, կան: Պարզապես նրանք քաղաքական «թրենդի» մեջ չեն:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Իվանիշվիլին ընդամենը ժառանգություն ստացավ Միշայից, սակայն Միշան անհրաժեշտություն էր, որովհետև երկիրը պարտվել էր և փոփոխությունների գաղափարը թևածում էր օդում, ուրիշ հարց, որ վրացի ջահելները չընկալեցին Միշայի արածը, և ժողովուրդն էլ գնաց դրանց հետևից՝ մտածելով, որ միլիարդատերը ծախսելու է սեփական փողերը երկիրը զարգացնելու համար. հայկական Ծառուկյանի էֆեկտը: Իսկ Լ.Ք.Յուն պատահաբար հայտնվեց, և արեց այն, ինչ այստեղ անող չեղավ. մինչ նրա հայտնվելը Սինգապուրի չինացին ոչնչով ավելի չէր հայաստանցուց:

  2. gib.gibindus says:

    խոսում ենք, էլի, ու՞մ ենք խանգարում: Ո՞վ է ավելի խելոք բաներ ասում,հը՞: Բա էլ ի՞նչ կա:

  3. Seyran says:

    Չէ է,մեզ Մովսես է պետք …ստրկամտությունից թոթափվելու համար,թեև անապատ էլ չունենք…

  4. Ալեքսանդր says:

    Պարոն Աբրահամյան, Արտակ Հարությունյանի հոդվածը այդ համարում հաստատ պատվիրված է: Երևի վերնագրում պետք է դնել «Գովազդ» բառը:

  5. Քրիստափոր says:

    Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեր մտքերին մեծամասամբ համաձայն եմ լինում, բայց, հիմա ուղղակի ապշած եմ, Ձեզ հետ ինչոր բան է պատահել վատ իմաստով. ափսոս:

  6. araqel says:

    Կրկին համաձայն եմ ձեր հետ:
    Փաստորեն դուք էլ էք փաստում, որ ամեն ինչ Նորմալ է Հայաստանում:
    Այսիքն ունենք էն, ինչ որ պետք է ունենայինք ՄԵՐ դեպքում:
    Ու հետագա զրագացումն էլ պետք է լինի, ՆՈՐՄԱԼ ճանապարհով, երբ “Կեցությունը կորոշի Գիտակցությունը” ու զուգահեռ էլ “Գիտակցությունը կորոշի Կեցությունը”

    Իկս արագաչափերի մասով ես ընդանրապես դեմ եմ արագության սահմանափակմանը, ու մարդ իր ճանապարհային հանցանքի համար պետք է պատասխան տա այլ սահմանափակումների հիման վրա ու պետք է իդեալականացնել ճանապարհների որակը ու անվտանգությունը, և ոչ թե սահմանափակել էն մեքեայի ու վարորդի հնարավորությունը ով կարող է Երևանից Էջմիածին մայրուղով վարել 200 կմ/ժ արագությամբ:
    Պետք է կատարելագործել անվտանգության միջոցները, և ոչ թե ահմանափակել մարդկանց հնարավորությունները: Խոսքի ոնց որ գերմանական արագընթաց մայրուղիներում է:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031