Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես երեխայի ծնունդ լինի, հուզմունքը գնալով ավելանում է

Մարտ 13,2017 23:58

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ երիտասարդ նկարիչ Հարություն Գալֆայանի երկրորդ անհատական ցուցահանդեսը` «ՄանրաՆԿԱՐ» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի` 2007-2017 թվականների ընթացքում ստեղծված մանրանկարչական աշխատանքները:

Նկարիչը ողջունեց ներկաներին «Մատյան ողբերգություն»-ից հատված ընթերցելով` կարեւորելով Գրիգոր Նարեկացու անունը կրող մշակութային օջախում լինելը:

«Սերը նկարչության հանդեպ ծնվել է փոքր տարիքում բացիկներ պատրաստելուց: Այնուհետեւ հաճախել եմ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետների տանը կից «Ճարտարապետություն եւ արվեստ» ստուդիա եւ խորությամբ ուսումնասիրել մանրանկարչությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հարություն Գալֆայանը:

Երիտասարդ նկարչի վերջին տարինների աշխատանքներն արվել են հենց այս ցուցահանդեսի համար, այցելուներն այս տարվա աշխատանքներից կարող են տեսնել, թե՛ բացիկների, թե՛ կավե կուժերի եւ ափսեների շարքում` աքլորի խորհրդանշով:

Հարությունը կարծում էր, թե առաջին ցուցահանդեսից հետո հուզմունքն հաղթահարված է, սակայն հասկացավ` անհնար է առանց էմոցիաների. «Կարծես երեխայի ծնունդ լինի, հուզմունքը գնալով ավելանում է, «Նարեկացի»-ի մթնոլորտն էլ այնպես մտերմիկ է, երբ հանդիսատեսը գալիս է, այլ տրամադրություն է ստեղծվում»,- մեզ հետ զրույցում հավելեց Գալֆայանը: Լինելով նաեւ ռեժիսոր` Հարություն Գալֆայանը նշում է` թատերարվեստում հույզերդ փոխանցում ես հանդիսատեսին մարմնի շարժման, խոսքի, ապրումների միջոցով, նկարների դեպքում մի փոքր այլ է, չնայած մարդիկ ասում են, որ զգում են նկարներիս էներգիան:

Նկարիչը շնորհակալություն հայտնեց Նարեկացի արվեստի միությանը եւ ներկաներին. «Շնորհակալ եմ, որ եկել եք եւ կիսում եք ինձ հետ այս կարեւոր օրը, հուսով եմ` դրական լիցքերով կհեռանաք»:

Մերի ԻՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031