Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանի գործունեությունը խոչընդոտելու գործով վերջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Մարիամ Ավագյանը, 2016 թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ խոչընդոտել էր Շողիկ Գալստյանի աշխատանքը, կոտրել նրա բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս:
Մարիամ Ավագյանին առաջադրվել էր մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Մարիամ Ավագյանն ասաց, որ փոխհատուցել է լրագրողին պատճառած գույքային վնասը, եւ նրան վերադարձրել նոր հեռախոս:
Շողիկ Գալստյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն էլ հայտնեց, որ հաշվի առնելով նշված հանգամանքը, նաեւ այն, որ Մարիամ Ավագյանը խնամքին ունի երկու անչափահաս երեխա, իրենք 185-րդ հոդվածի 1-ին մասով (այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը), բողոք չունեն եւ միջնորդեց գործը կարճել:
Դատավոր Սուրեն Բաղդասարյանը, որոշեց սույն հոդվածով Մարիամ Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել եւ կարճել գործը:
Իսկ Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանը, առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով (այն է՝ ընտրությունների ժամանակ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելը), պահանջեց Մարիամ Ավագյանի նկատմամբ նշանակել 800 հազար դրամի չափով տուգանք: Դատարանը ամբաստանյալ Մարիամ Ավագյանին ճանաչեց մեղավոր, եւ որպես տուգանք նշանակեց պատժի նվազագույն չափ՝ 700 հազար ՀՀ դրամ:
Բացի այդ, Մարիամ Ավագյանին մեկ տարով զրկեցին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելուց, ինչպես նաեւ ընտրությունների ընթացքում վստահված անձ, դիտորդ կամ հանձնաժողովի անդամ լինելու իրավունքից:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Մանրամասները շուտով՝ տեսանյութում: