Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն այլ կուսակցությունների լոռեցի պատգամավորներին առաջարկում է ընտրվելու դեպքում համագործակցել. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 13,2017 22:50

Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն այսօր Լոռու մարզում սկսեց իր քարոզարշավը: Մեկնարկը տրվեց մարզի Շիրակամուտ համայնքից: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հորդորեց ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին վերաբերվել ավելի լուրջ: Քանի, որ նրա խոսքով այս ընտրություններն էլ իրենց արդյունքներով տարբերվելու են նախորդներից: Բացառեց տեղամասերում լցոնումներն ու այլ ընտրակեղծիքները:

«Մենք այնպիսի մի ընտրակարգ ենք փոխել, որ այս ընտրակարգով այլեւս այն հնարավոր կեղծիքները, որ կատարվում էին ընտրատեղամասում, եւ կանխորոշում էին ընտրությունների արդյունքները, իշխանությունները դրանց հիման վրա վերարտադրվում էին, որովհետեւ բացակաների տեղ էին քվեարկում, տարբեր զեղծարարություններ էին կատարվում տեղամասերում: Հիմա դրա վերահսկելու ամբողջական գործիքակազմ ենք ստեղծել: Ստեղծել ենք մեխանիզմներ, որ դրա դեմն առնենք, որպեսզի դուք վստահ լինեք, որ ձեր քվեն որոշիչ է դառնալու»:

ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Արմենուհի Կյուրեղյանը վստահեցրեց, որ իրենց ծրագրերը իրատեսական են: Եվ պատրաստ են ԱԺ ամբիոնից մշտապես բարձրացնել քաղաքացուն հուզող խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման տարբերակները:

«Մենք ասում ենք, որ մեր մինիմալ թոշակը լինելու է սպառողական զամբյուղին հավասար: Հեշտ է խոսել ու խոստումներ տալ, բայց մենք այն կուսակցությունն ենք, որ պետք է պատասխանատվություն կրի իր խոստումները կատարելու համար: Մենք երբեք հենց այնպես խոստումներ չենք տալու»:

Թեկնածուների հետ հանդիպման ժամանակ շիրակամուտցիներին հետաքրքրում էր հատկապես աշխատատեղերի բացակայության խնդիրն ու գյուղում հիվանդանոց չլինելու հարցը:

«Երկրաշարժից հետո, չգիտեմ ում միջոցով, հիվանդանոցը տեղափոխվեց Պառնի: Ես կանեմ մի համեմատություն: Պառնիի լավ բժիշկներին, աշխատողներին, բոլորին այդ շենքից հանած, կներեք ինձ, նա անասնագոմ է՝ սարի գլխին»:

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ լսել են բազմաթիվ խոստումներ, սակայն դրանցից եւ ոչ մեկը կյանքի չի կոչվել. «Նախընտրական խոստումները միշտ էլ ունեցել են հասցեատեր, բայց որպես կանոն դրանք միշտ եղել են 100 տոկոսով սուտ»:

Արմենուհի Կյուրեղյանն էլ բնակիչներին հորդորեց քվեարկել իր օգտին, քանի որ ինքն էլ այդ գյուղի թոռ է, գիտի համայնքի խնդիրներն ու պատրաստ է իրականացնել նախընտրական խոստումները. «Դուք եք էդ լծակներն ինձ տալու, իմ ձեռքում ձեր քվեն է լինելու ամենամեծ լծակը: Տվեք էդ քվեն ու պահանջեք»:

Համագյուղացիներն էլ խոստացան, ապրիլի 2-ին իրենց քվեն տալու են հենց Արմենուհի Կյուրեղյանին:

Թեկնածուների հաջորդ կանգառը մարզի Գյուլագարակ համայնքն էր: Այստեղ՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Մարտուն Մաթեւոսյանն ասաց, որ Լոռին համարվում է հանրապետության ամենաշատ խնդիրներ ունեցող մարզերից մեկը: Եվ գտնում է, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի համախմբվեն լոռեցի պատգամավորները, անկախ կուսակցական պատկանելիությունից:

«1999 թվականին ես Վանաձորից մեծամասնականով պատգամավոր եմ ընտրվել: Էն ժամանակ, երբ որ բյուջեի քննարկում էր գնում, մեր լոռվա պատգամավորները, անկախ նրանից, որ ես Դաշնակցական էի, մյուսը՝ Հանրապետական էր, մյուսը՝ ՀԺԿ էր, մենք տարբերակում չունեինք: Բոլորս միասին հավաքվում էինք եւ լոռվա խնդիրները դնում կառավարության առաջ: Եւ շատ ժամանակ դա հաջողում էինք, որովհետեւ դա արդեն բավականին ձայն էր: Առաջիկայում էդ խնդիրները պետք է ունենանք: Եվ մեր բոլորի շահերից բխում է, որ Լոռին մեծ թվով պատգամավորներով ներկայացած լինի»:

Այստեղ էլ բնակիչները դժգոհեցին, որ իրենց հիշում են «ընտրությունից ընտրություն», իսկ խոստումներն այդպես էլ չեն կատարվում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031