Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն ՀՀ բազմաթիվ ընտրատարածքներում, այդ թվում թիվ 3 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր է առաջադրել մարդկանց, որոնց կարելի է անվանել լռության ուխտավորներ»:
Նա ասաց, որ այդ մարդիկ 5 տարվա ընթացքում բացի «կնոպկա» սեղմելուց ուրիշ ոչինչ չեն արել, ծպտուն չեն հանել ու նրանց գործունեության արդյունքում է, որ ունենք սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական ճգնաժամ: Այս ընտրությունների միջոցով ուզում են խորացնել հուսահատության ճահիճը, բայց իրենք եկել են ասելու, որ իրավիճակից ելք կա եւ մարդիկ կարող են ՀՀԿ-ի լռության ուխտավորներին մերժել եւ ձեւավորել այնպիսի խորհրդարան, որը կխոսի ժողովրդի կարիքների մասին, կսպասարկի այդ կարիքները:
Նա հայտարարեց, որ լռության ուխտավորների թվին է պատկանում Առաքել Մովսիսյանը՝ Արմավիրից, Սամվել Ալեքսանյանը՝ Մալաթիա համայնքից, Արտակ Սարգսյանը՝ Արաբկիրից, Ռոբերտ Սարգսյանը՝ Ավանից: Նրանց գործառույթը եղել է առավոտյան գալ, կնոպկա սեղմել եւ գնալ. «Պետք է մերժեք լռության ուխտավորներին եւ նրանց կուսակցությանը, որովհետեւ ԱԺ-ն լռելու տեղ չէ, այլ ժողովրդի պրոբլեմները բարձրաձայնելու եւ լուծումներ առաջարկելու տեղ է»:
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրակաշառքներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա ընտրակաշառք չեն բաժանում. «Հիմա կազմվում է պոտենցիալ ընտրակաշառք վերցնողների ցուցակները, որպեսզի ընտրություններին նախորդ մեկ-երկու օրվա ընթացքում կամ հենց ընտրությունների օրը բաժանեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ